ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով հերթական երեխան է ծնվել

Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով հերթական երեխան է ծնվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արցախ» ծրագրի շրջանակներում արտամարմնային բեղմնավորմամբ լույս աշխարհ է եկել հերթական երեխան:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նորածնի մայրը՝ տիկին Սաթենիկը պատմել է, որ երեխա ունենալուն շուրջ ութ տարի են սպասել:
 
«Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանն ինձ ընդգրկեց ծրագրում, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Ամեն ինչ ընթացավ բնականոն և ծնվեց մեր դուստրը՝ Աստղիկը՝ 47 սմ հասակով, 2.830 գրամ քաշով: Փոքրիկին անվանակոչել ենք Աստղիկ, քանի որ նա երկար տարիների սպասումից հետո մեր օջախում ծագած լույսն է՝ մի հույսի աստղ, ով  չարաբաստիկ պատերազմից հետո  նորից լուսավորեց ու երջանկություն բերեց մեզ»,-ասել է Սաթենիկը:
 
Նա կարևորել է ծրագրի իրականացումն Արցախում՝ նշելով, որ այն կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ծնելիության աճին:
 
ԱՀ առողջապահության նախարարության Իրավաբանական բաժնի վարիչ Լուսինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ պետական պատվերի շրջանակներում արտամարմնային բեղմնավորումն իրականացնում են ՀՀ «Վիտամեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության և բժշկական կենտրոնները՝ հաշվի առնելով նրանց փորձն ու գործունեությունը:
 
Առողջապահության նախարարության վիճակագրական բաժնի տվյալներով՝ արտամարմնային բեղմնավորման ծրագրով վեց ամսվա ընթացքում ծնվել է արդեն 7 երեխա՝ չորս աղջիկ, երեք տղա:
 
Ծրագրից օգտվելու համար պետք է դիմել ԱՀ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:

  • Կիսվել: