ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում առաջիկա ուսումնական տարվանից կգործի «Իրական դպրոց» կրթական ծրագիրը

Արցախում առաջիկա ուսումնական տարվանից կգործի «Իրական դպրոց» կրթական ծրագիրը

Այսօր՝ հուլիսի 28-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է Արցախում «Իրական դպրոց» կրթական ծրագրի մեկնարկն ազդարարող բաց դաս-հանդիպում և հուշագրի ստորագրման արարողություն:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկայացվել են «Իրական դպրոց» կրթական ծրագրի էությունը, գաղափարները:

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ողջունելով և կարևորելով կրթական այս ծրագրի ներդրումը, պատմել է, որ «Իրական դպրոց»-ի հիմնադիր տնօրեն Վահագն Պողոսյանի հետ գաղափարը դեռևս տարիներ առաջ են քննարկել:

«Այսօր «Իրական դպրոց»-ն Արցախում անհրաժեշտություն է: Համոզված եմ, որ արդյունքները շուտով տեսնելու ենք, զգալու ենք և հասկանալու ենք, որ կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար պետք է համարձակ լինել ու նորարար մոտեցում ունենալ»,- համոզմունք է հայտնել Արտակ Բեգլարյանը:

Կայքի հետ զրույցում՝ «Իրական դպրոց»-ի  հիմնադիր տնօրեն, «Առաջատար տեխնոլոգիաների, ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կրթական բաժնի ղեկավար Վահագն Պողոսյանը տեղեկացրել է, որ ծրագիրը գործում է դեռևս 2016 թվականից։ Ընթացիկ տարում «Իրական դպրոց»-ը բացվել է նաև Իջևանում, իսկ արդեն 6-րդը՝ Ստեփանակերտում:

«Առ այսօր ունեցել ենք մոտ 400 ուսանող: Նրանցից 200-ը դեռևս ուսումնական գործընթացում են։ Հայաստանի տեխնոլոգիական ուսումնարաններն առավել միտված են պահպանելու 20-րդ դարից գործող մասնագիտությունները, ոչ թե արդիականը։ Այդ գործընթացը շարունակվում է գերազանցապես ելնելով պահանջվածությունից։ Քանի որ հասարակության մի զգալի մասը բուհ չի ընդունվում, մեր խնդիրն է նրանց աջակցել, որպեսզի մեկ այլ ոլորտում կարողանան գտնել իրենց տեղը և հմտանալ։ Մեր քառամյա ուսումնական ծրագիրն օգնում է նաև աշխատանք ունենալու հարցում»,-ասել է մեր զրուցակիցը։

«Իրական դպրոց»-ը գործելու է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ 2022-2023 ուսումնական տարվանից:

Այդ կապակցությամբ ստորագրվել է եռակողմ հուշագիր  ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի, «Առաջատար տեխնոլոգիաների, ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի և «Իրական դպրոց»-ի տնօրեն Վահագն Պողոսյանի միջև:

ՇՏՀ-ի պրոռեկտոր, տ.գ.թ Ռոզա Ավագյանը հայտնեց, որ ըստ հուշագրի՝ կներդրվի «Համակարգերի տեսություն» մասնագիտությունը:

Իրական կրթամշակութային դպրոցը հանձն է առել յուրաքանչյուր կիսամյակ իրականացնել աշխատակիցների վերապատրաստումներ, հետևել կրթական ծրագրի իրականացման բովանդակային բաղադրիչների պահպանմանը, ապահովել նախագծային աշխատանքներում ուսանողների ներգրավվածությունը և այլն:

Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ, կրթական ծրագրով հետաքրքրված անձինք:

«Իրական դպրոց» ընդունվում են հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանն ավարտած աշակերտները: Ուսումնառության ընթացքում ուսանողները կրթություն են ստանում «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ՝ ստանալով համակարգաբանի որակավորում՝ տնտեսական, քաղ.իրավական և կրթամշակութային ոլորտներում:

  • Կիսվել: