ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերն ընթացքի մեջ են

Արցախում անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերն ընթացքի մեջ են

Վերջին 6 ամիսների ընթացքում Արցախից արտամարմնային բեղմնավորման է ուղեգրվել 35 զույգ, որից 21-ին արդեն կատարվել է բեղմնավորում, իսկ 10-ի մոտ ստացվել է հղիություն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանը և նշեց, որ օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) ևս 34 զույգ պատրաստվում է արտամարմնային բեղմնավորման:

«ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակներում շարունակում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը. բարելավվում են անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները: ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ սահմանվել են պետության կողմից երաշխավորված անվճար պայմանով բուժօգնության հետ կապված ծավալները և շահառուներին ներկայացվող պահանջները, ըստ որի՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 և ավելի տարիներ անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող զույգերը, եթե

ա) ամուսինները կամ ամուսիներից մեկը հանդիսանում է ԱՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

բ) ամուսիններից մեկը՝ կինը, պատկանում է 20-42 (ներառյալ) տարիքային խմբին: ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակներում արտամարմնային բեղմնավորում իրականացնում են ՀՀ «Վիտրոմեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության և բժշկական կենտրոնները (հաշվի առնելով դրանց փորձը և գործունեությունը): Ծրագրից օգտվելու համար շահառուն պետք է դիմի ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ», - ասաց Մ. Ազատյանը և հավելեց, որ 7 ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի կաբինետն ունեցել է 4887 այց:

  • Կիսվել: