կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Արցախում անցած շաբաթ ոստիկանությունում հանցագործությունների վերաբերյալ 54 հաղորդում է գրանցվել, որից 50-ն արդեն բացահայտվել է

Արցախում անցած շաբաթ ոստիկանությունում հանցագործությունների վերաբերյալ 54 հաղորդում է գրանցվել, որից 50-ն արդեն բացահայտվել է

Նոյեմբերի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 80 հաղորդում, այդ թվում՝ 54-ը՝ հանցագործության մասին, որից 50-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումները շարունակել են ուժեղացված ռեժիմով ծառայությունը, վերահսկելով Հանրաետության օպերատիվ իրավիճակը, պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել են խարդախություն բնութագրմամբ ստացված բոլոր 5 հաղորդումները, անձնական ունեցվածքի գողության 2 դեպքից մեկը, ինչպես նաև վիճաբանության և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գրանցված 6 դեպքից մեկը:

Ոստիկանության հիմնական առաջնահերթություններից է նաև շրջակա միջավայրի պահպանության և ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը: Ապօրինի անտառահատումների և ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման և իրացման կանխարգելման նպատակով ոստիկանությունն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է ապօրինի ծառահատման 5 դեպք: Շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված 1 հանցագործություն: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է շրջանառությունն արգելված թմրամիջոցների 5 դեպք:

Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք կամովին հանձելու նպատակով ոստիկանություն է դիմել 7 քաղաքացի:

Նոյեմբերի 12-ին սահմանային միջադեպ է տեղի ունեցել Ասկերանի շրջանում: Քաղաքացիական անձինք Խրամորթ գյուղի «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Մարմանական վնասվածք է ստացել մեկ քաղաքացի:

Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցված հաղորդումների տվյալներով, 7 օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, որից 24-ը՝ նյութական վնասով, 6-ը՝ մարմնական: ՃՏ պատահարի հետևանքով Շոշ գյուղի վարչական տարածքում մահացել է Ներքին Սզնեք գյուղի 65-ամյա բնակիչը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 17 քաղաքացի: Նախորդ շաբաթվա համեմատ՝ գրանցված թվի աճը մեծապես պայմանավորված է Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած պատահարով:

Բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերան քաղաքը սպասարկող երթուղային ավտոբուսին: Տուժել է 12 քաղաքացի: Ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 26 վարորդ եղել է անսթափ վիճակում, 174-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Հանցագործությունների բացահայտման և դրանց կանխարգելման միջոցառումներին զուգահեռ՝ ոստիկանության պետի հրամաններով, ոստիկանության ծառայողների գիտական ու տեսական գիտելիքների մակարդակը բարձրացնելու եւ բարելավելու նպատակով, իրականացվում է տարվա պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացներն ու միջոցառումները:

  • Կիսվել: