ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում 2021-ին հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ

Արցախում 2021-ին հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ

Արցախի հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է 2021-ը թվականը՝ այն գնահատելով ծանր տարի ՊՈԱԿ-ի համար։

2020 թվականի աշնանը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում են մնացել շուրջ 2000 հուշարձան, այդ թվում 5` «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանքներ», «Տյաք» պատմամշակութային և «Հունոտի կիրճ», «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցները: ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ:

Հուշարձանների պահապանների կողմից իրականացվել են համապատասխան շրջայցեր, կազմակերպվել հուշարձանների տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Այդ առումով ուշադրության կենտրոնում հատկապես եղել են զբոսաշրջային գրավչություն ունեցող և աոավել շատ այցելվող հուշարձանները:

Նշվում է, որ հասկանալի պատճառներով 2021-ին պեղումներ չեն իրականացվել:

Հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ: Ոմանք արձանագիր, ոմանք էլ կարևոր տեղեկություններ պարունակող:

  • Կիսվել: