կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում 0-18 տարեկան բոլոր երեխաները կստանան նվազագույն սպառողական զամբյուղին հավասար նպաստ. ԱՀ նախագահ

Արցախում 0-18 տարեկան բոլոր երեխաները կստանան նվազագույն սպառողական զամբյուղին հավասար նպաստ. ԱՀ նախագահ

Անվճար բժշկություն, անվճար կրթություն, բնակարանային խնդիրների լուծում: Այս ամենը նշեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ, թեպետ 11 խորհրդարանականներ դեմ քվեարկեցին, այնուամենայնիվ, նախագիծն ընդունվեց:

Ներկայացնելով սոցիալական բաղադրիչները՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ 2023 թ. մինչև 18 տարեկան բոլոր երեխաներն Արցախում պետք է ստանան նույնչափ նպաստ: ՛՛Իսկ 2024 թվականից սա միջնաժամկետ ծախսային ծրագրով մենք ամրագրելու ենք, երեխաների նպաստը հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին, այդ 68 հազար հասկացողությունը մենք հիմք ենք ընդունում նվազագույն զամբյուղը, ժամանակի ընթացքում ավելանալու է: 0-18 տարեկան բոլոր երեխաները նվազագույն նպաստ են ստանալու Արցախում՛՛,-ասաց նախագահը:

Նրա խոսքով՝ նվազագույն թոշակները ևս երեք տարվա մեջ պետք է հավասարեցվեն նվազագույն սպառողական զամբյուղին:

ԱՀ նախագահն ընդգծեց, որ հասարակության անվտանգությունը, իրավունքները պաշտպանելու համար Արցախում պետք է բնակչություն լինի, ուստի ժողովրդագրությունն իրենց գլխավոր խնդիրն է, և այս սոցիալական ծրագրերը հենց ժողովրդագրության հիմքում են դրված:

՛՛Մինչև 2025 թ հունվարի մեկը այս տեմպերը թույլ են տալու մեր բոլոր հայրենակիցներին, առանձին ընտանիքներին տրամադրել բնակարան: Իհարկե, տարբեր սահմանաչափերով, առաջին հերթին՝ տեղահանվածներին՛՛,-ասաց նա:

Հարությունյանը հավելեց, որ մեկուկես տարում ավարտելու են զինվորականների ու թոշակառու սպայական անձնակազմի բնակարանային խնդիրը, իսկ 2025 թ. հունվարի  մեկից, ըստ  ծրագրի,  Ղարաբաղում նոր ամուսնացող զույգերին տրամադրվելու է առանձին բնակարան, իսկ հետագայում երեք երեխա ունենալու դեպքում՝ երեք սենյականոց բնակարան:

՛՛Ղարաբաղում ձևավորվող ամեն ընտանիք պիտի ունենա առանձին բնակարան, սա մեր սոցիալական քաղաքականության հիմքն է՛՛,-վստահեցրեց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ բոլոր ծրագրերը միտված են բնակչության թվաքանակի ավելացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: