շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախն հիմա ավելի շատ կարիք ունի զինվորի պես ամեն ոլորտում ճակատ պահող մարդկանց. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ

Արցախն հիմա ավելի շատ կարիք ունի զինվորի պես ամեն ոլորտում ճակատ պահող մարդկանց. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի նախագահի և ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստակամ են իրենց հնարավորությունների շրջանակում նպաստել Արցախի զարգացմանը:

Այս մասին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ
 
«Արցախ տեղափոխվելուց հետո Հայաստանից, Սփյուռքից շատերն են ինձ դիմում: Բոլորն անխտիր ողջունում են իմ քայլը: Մի մասը հարցնում է՝ ինչով կարող են օգնել, մյուս մասն ասում է, որ իմ երկրպագուն են և հետևում են իմ գործողություններին, բայց շատ են նաև նրանք, ովքեր ասում են, որ պատրաստ են արցախցիների ու իմ կողքին կանգնել ու հնարավոր ամեն ինչ անել հանուն Արցախի: Ու սա ինձ ուրախացնում է, քանի որ հիմա Արցախն ավելի շատ կարիք ունի զինվորի պես ամեն ոլորտում ճակատ պահող մարդկանց, քան հեռվից աջակցողների կամ երկրպագուների:
 
Երեկ հետաքրքիր հանդիպում ունեցա Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի նախագահ Արտյոմ Գեղամյանի, ակումբի անդամներ Հովհաննես Ղազարյանի և Աննա Դանիելյանի հետ: Արձագանքելով իմ կոչին՝ նրանք եկել էին Արցախ, հանդիպելու և հստակեցնելու համագործակցության ուղղությունները: Ուրախ էի լսել, որ նրանք պատրաստ են իրենց հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել հանուն Արցախի զարգացման, ամեն ինչ անել, որ մենք միասին հաջողենք:
 
Աշխարհի լավագույն բուհերի շրջանավարտներ մենք շատ ունենք: Ձեր փորձի ու գիտելիքների կարիքը կա Արցախում՝ ինչպես երիտասարդների կրթության, այնպես էլ մեծ թվով այլ ծրագրերում ներգրավվելու համար: Պետք չէ վախենալ Արցախ գալուց:
 
Սպասում եմ բոլորիդ Արցախում»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:

  • Կիսվել: