ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Արցախն ապրում է». Ստեփանակերտում Առնո Բաբաջանյանին նվիրված երաժշտական երեկո է կազմակերպվել

«Արցախն ապրում է». Ստեփանակերտում Առնո Բաբաջանյանին նվիրված երաժշտական երեկո է կազմակերպվել

Մայիսի 6-ին ընդհանրացվեց «Ռուսաց լեզվի օրեր» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտում մեկնարկած «Արցախն ապրում է» խորագիրը կրող միջոցառումների շարքը` նվիրված 44-օրյա պատերազմին։ Ծրագիրն ամփոփվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանին նվիրված երաժշտական երեկոյի կազմակերպմամբ։

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը մեկնարկեց Արցախյան բոլոր պատերազմներում զոհված ազատամարտիկներիա հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։ Քոլեջի սաները մշակութասեր հանդիսատեսի համար կատարեցին Առնո Բաբաջանյանի՝ «Իմ սիրտը լեռներում է», «Վաղարշապատի պարը», «Սասունցիների պար», «Կամուրջներ» և շատ այլ գեղեցիկ ու սիրված գործեր։

«Պետք է համոզված նշեմ, որ Արցախն ապրում է ու միշտ էլ ապրելու է։ Մեր բարեբեր հողում դեռ շատ հանճարներ են ծնվելու։ Հայի գենի մեջ հաղթողի ոգին է»,-իր խոսքում նշել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Անաիդա Սուլեյմանյանը։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Արցախը վշտի ու վեհանձնության մի համաստեղություն է, որի մասին յուրաքանչյուրը միայն երազել կարող է։

«Մեր հայրենիքը միմիայն մերն է։ Մենք պետք է մոռանանք մեր խոցոտված երկիրը, և պետք է վեր բարձրացնենք մեր հայրենիքը։ Ես երախտիքի խոսքեր չեմ գտնում` ասելու մեր քաջերին։ Նրանք միշտ էլ կան ու կգտնվեն։ Իզուր չի ասված՝ քաջերի քաջության սահմանը զենքով է գծված։ Մեր քաջերը հավերժ կապրեն մեր` ապրողներիս մեջ»,-ընդգծել է նախարարը։

ԱՀ ԿԳՄՍ նախարարության պետական տեսուչ, Ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը, ում նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառումը, իր խոսքում համոզմունք է հայտնել, որ Արցախը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, որովհետև այստեղ դարեր ի վեր ապրել են հայոց նախնիները։

Միջոցառմանը ներկա էին ԱՀ առաջին տիկին Քրիստինա Հարությունյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսուցիչներ, ուսանողներ, մայրաքաղաքի մշակութասեր հանրությունը։

  • Կիսվել: