ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Արցախն ապրում է» նախագծի օրվա միջոցառումների շարքն ամփոփվեց ֆիլմի դիտում-քննարկումով

«Արցախն ապրում է» նախագծի օրվա միջոցառումների շարքն ամփոփվեց ֆիլմի դիտում-քննարկումով

«Genesis Armenia» ուղեղային կենտրոնի «Արցախն ապրում է» նախագծի մայիսի 22-ին ստեփանակերտյան միջոցառումների ավարտն ազդարարվեց «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում «Օլիմպիկոս» ֆիլմի դիտում- քննարկումով:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ` մինչ  դիտումը ֆիլմի հեղինակ,  ռեժիսոր-նկարիչ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանը ելույթի իր  խոսքում  շեշտեց, որ միաժամանակ «Օլիմպիակոս»-ը ցուցադրվում է նաև Ռուսաստանում` ռուսերեն թարգմանությամբ:
 
«Փաստերը, որոնք արտացոլվում են ֆիլմում, պատմական  բավականին հետաքրքիր դրվագներ են։ Քիչ ազգեր կան, որ կարող են առանձնանալ այդպիսի պատմական իրողությամբ։ Այդ իսկ պատճառով որոշեցինք այս ֆիլմը էկրանավորել», - նշել է Դ. Սահակյանցը:
 
Ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսը մեծ հիացմունքով դիմավորեց  հեղինակին,  որից հետո քննարկում ծավալվեց, որին մասնակցեցին բոլոր ներկաները`  առանց տարիքային սահմանափակման: Հնչեցին տարբեր հարցեր` ֆիլմի մտահաղացման , տեխնիկական մասի և սցենարի հետ կապված , որի արդյունքում հանդիսատեսը ստացավ  ընդհանուր  պատկերացում ֆիլմի  ստեղծման  ընթացքի մասին: 
 
Միջոցառման ավարտին  շնորհակալական խոսք հնչեցրեց  ԱրՊՀ դասախոս Զարինե Սառաջյանը`  շեշտելով, որ այս  օրերին մշակութային այս փառատոնի շրջանակում Արցախ այցելածներն ապրեցրել են Արցախը` բոլորին համախմբելով գերագույն և մնայուն արժեքների շուրջ, որոնցից մեկն էլ ցուցադրված ֆիլմն է։
 
«Ցանկանում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել այս հրաշալի առիթը մեզ ընձեռնելու համար: Առաջին հայացքից թվում է, թե  ֆիլմը մանուկների համար է, բայց շատ մեծ ասելիք ունի նաև մեծերին»,- նշել է Զ. Սառաջյանը։
 
 

  • Կիսվել: