երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից Երեւան տեղափոխված Թումանյան'ս ART-ը ու Արցախում մնացած կատուն

Արցախից Երեւան տեղափոխված Թումանյան'ս ART-ը ու Արցախում մնացած կատուն

Մի կարպետ, հին սնդուկ, շրջափակման ընթացքում սուրճին փոխարինող ամեն բան աղացած սրճաղաց. Քրիստին Բալայանը հերթով ցույց է տալիս Ստեփանակերտի Թումանյան'ս ART սրճարանից բերած իրերը։

 Այս մասին գրում է gastrovino.mediamax.am-ը։
 
Թումանյան'ս ART-ը Արցախում գործող վերջին սրճարանն էր։ Տեղահանված, բայց դեռեւս Արցախում մնացած մարդկանց համար շրջափակման վերջին օրերին անվճար ուտելիքի, վառարանի մոտ ջերմանալու ու շփվելու հնարավորություն տվող միակ վայրն էր։ Սրճարանի դռները բոլորի առաջ բաց են եղել եւ հեռանալիս էլ Քրիստինն ու ամուսինը՝ Վադիմ Բալայանը դրանք չեն փակել։

 



Ընտանիքն այժմ Երեւանում է եւ վերաբացել է արցախցիների սիրելի Թումանյան'ս ART-ը։ GastroVino-ի հետ զրույցում Քրիստին Բալայանը պատմել է արցախցիներին նորից մեկ տեղում հավաքելու, «Կուրկուտ փարթիների», Արցախում անցկացրած վերջին օրերի եւ Երեւան չեկած կատվի մասին։

«Կուրկուտ փարթի» ու ժենգյալ

Սրճարանը վերաբացել ենք Մոսկովյան 6/7 հասցեում, Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ, բայց ըստ Ֆեյսբուքի էջի կարճ ինֆորմացիայի՝ դեռեւս գտնվում ենք «Ստեփանակերտի նեղլիկ փողոցներում՝ Թումանյանի վրա...»։ Մի քանի անգամ փորձել ենք խմբագրել, տեխնիկապես հնարավոր չի եղել։ Հույս ունեմ՝ վերադառնալու նշան է։

Երբ որոշեցինք այս տարածքը վարձակալել, առաջին գործը, որ արեցինք, շուկա գնալն ու բանջարեղեն գնելն էր։ Բերեցինք ու միանգամից արցախյան թթու դրեցինք։ Արցախում, հենց որ ցրտերն ընկնում են, սկսում են կուրկուտ ուտել, դրա համար էլ որոշեցինք «Կուրկուտ փարթի» կազմակերպել։

Այն երկար պատրաստվող ուտելիք է, երեկոյան դնում եմ կրակին եւ ամբողջ գիշեր եփվում է։ Պատրաստում եմ այնպես, ինչպես տատս, մայրս, բայց մի քիչ ժամանակակից թիթիզություններ մտցնելով։ Կուրկուտը պատրաստվում է թակած (կոտրած) ցորենով։ Եթե հարիսայի դեպքում անընդհատ խառնում են, որ գրեթե միասեռ զանգված դառնա, ապա կուրկուտի դեպքում լավ է, որ ցորենը հատիկ-հատիկ մնա։Խոզի ճարպն աղում եմ, դնում կաթսայի տակ, փակում ափսեով, որ չխառնվի ընդհանուր զանգվածին, ավելացնում ցորենը, ապա՝ մի շերտ խոզի միս։ Հետո շերտերը կրկնում եմ եւ եփում մեղմ կրակի վրա։ Մեկ աման կուրկուտ, 50 գրամ տնական թոթի օղի, մի քիչ թթու եւ լավ օրն ապահովված է։ Օղին էլ իսկական արցախյան է, Խնուշինակից ծանոթ ունենք, նրանից ենք վերցնում։ Նվազագույնը տասը հոգանոց խմբով ցանկացած օր կարող են մեզ մոտ կուրկուտ ուտել, ուղղակի պետք է նախորդ օրն ասեն, որ հասցնենք եփել։

Ժենգյալ, թրթերուկ եւ արցախյան թեյ

Ամեն առավոտ գնում եմ ժենգյալներ (կանաչիներ) առնելու։ Կանաչիները քաղաքի տարբեր հատվածներից եմ վերցնում։ Այցելուներն ուտում են, ասում՝ «վա՜յ, մեկ էլ Ղարաբաղ ենք կերել էդ համով»։ Շատերը կարծում են, որ Երեւանում ժենգյալով հացի կանաչիներ չկան, բայց արցախցիներն այստեղ են եւ գիտեն, թե որտեղ ինչ պետք է աճեցնեն։ Հետո էլ, կարող է չեք տեսնում, բայց ձեր ոտքի տակ աճում են այն կանաչիները, որ պետք են ժենգյալով հաց պատրաստելու համար։
Սրճարանում մատուցում ենք արցախյան փախլավա, գաթա եւ թրթերուկ։ Երբ երեխա էի, մայրս կամ տատիկս ժենգյալով հաց էին պատրաստում, անհամբեր սպասում էի թրթերուկ թխելու պահին։ Այն խմորի քաղցր թերթերով քաղցրավենիք է։ Ունենք ավանդական թերթերուկ, դարչինով, վանիլով եւ շոկոլադով։

Մեր ծանոթներից մեկը մինչեւ շրջափակումը Երեւանում պետք է ցուցահանդեսի մասնակցեր, արցախյան թեյեր էր ուղարկել Հայաստան, բայց ինքը գալ չէր կարողացել։ Նրանից վերցրել ենք թեյերն ու մատուցում ենք մեզ մոտ։ Արցախում թեյը շաքարով կամ կոնֆետով են խմում, հենց այսպես ենք մատուցում, չնայած գիտենք, որ այստեղ թեյի հետ շաքարավազ են առաջարկում։ Կոմպոտները, մուրաբաները, չրերն էլ տնական են, մայրս է պատրաստում։

«Համեստ բացվեցինք»

Ամուսնուս՝ Վադիմի հետ ենք Ստեփանակերտում հիմնել Թումանյան'ս ART-ը։ Սկզբում ունեինք «ՄիլաԳրի» հիմնադրամը, որն օգնում էր հատուկ կարիքներով երեխաներին, հետո, երբ ծրագրերի համար գումարի անհրաժեշտություն եղավ, բացեցինք սրճարանը եւ ամբողջ հասույթն ուղղեցինք երեխաների զարգացմանը։ Երեւանում մի փոքր փոփոխվեց մեր նպատակը, որովհետեւ եկամտի ուրիշ աղբյուր չունենք, վարձով ենք բնակվում եւ, կարելի է ասել, ինքներս ենք «հատուկ կարիքներով»։ Երեխաներին օգնելու մեր նպատակը չի փոխվել, Ստեփանակերտից գալուց հետո բոլորի հետ կապի մեջ ենք։

Արցախում ամեն տարի հավաքում էինք երեխաների նամակներն ու Ձմեռ պապը նրանց համար նվերներ էր բերում։ Բարեբախտաբար, այս տարի էլ ավանդական այս միջոցառումը կկարողանանք անել։ Երեխաները տարբեր շրջաններում են, բայց կօգնենք, որ հավաքվեն մեզ մոտ։

Արցախի «բանալին» ու «տանտեր» կատուն

Սրճարանի բացման օրը չօգտագործված հաց էր ավելացել, խոհանոց մտա ու հասկացա, որ ուզում են թափել։ Ասացի՝ «տեսեք, շրջափակման օրերին հացն անգին էր, չենք կարող թափել»։ Առաջարկեցի չորահաց պատրաստել եւ օգտագործել։

Սեպտեմբերի 24-ին մարդիկ գալիս էին Թումանյան'ս, տանը եղած մթերքը թողում, հրաժեշտ տալիս ու հեռանում Արցախից։ Բանկայով թթու էին բերում, կես կիլոգրամ հնդկաձավար, մի աղջիկ կես շիշ ձեթ բերեց։

Պատկերացրեք՝ ձեթը, ալյուրն ու ծխախոտը բլոկադայի ընթացքում անգնահատելի էին։ Գումարը նշանակություն չուներ, ծանոթներս զանգում էին, առաջարկում գումար ուղարկել, ասում էի՝ «մի մեշոկ ալյուր կարո՞ղ եք ուղարկել, ուղարկեք, մեզ փող պետք չի»։

Վերջին մեկ ամիսը Արցախում սրճարան չէր գործում, վերջին ուժերով փորձում էինք հարթակը պահել, որ մարդիկ գան ու գոնե կարճ ժամանակով կտրվեն հոգսերից։ Խոտաբույսերով թեյ էին խմում, ոլոռով սուրճ։ Ոլոռը բովում էինք, մի քանի հատիկ սուրճ խառնում, որ գոնե սուրճի համ ունենա, լցնում սրճաղացի մեջ, տալիս հյուրերին, որ աղան ու իրենց համար սուրճ պատրաստենք։

Հիմա Երեւանի մեր այցելուները կարծում են, թե միայն արցախյան ուտեստներ ենք ունենում, բայց արցախցիները Ստեփանակերտում գալիս էին Թումանյան'ս նաեւ պիցցա, սենդվիչներ ուտելու։ Երեխաները հավանում էին իմ պատրաստած սենդվիչները։ Վերջին 2-3 ամիսներին մտնում էին սրճարան, բղավում՝ «մամա, պապա», ինձ ու ամուսնուս էին այսպես կանչում։ Գիտեինք, թե որ երեխան ինչ է սիրում, եթե կարողանում էի որեւէ մեկի սիրած խմորեղենը թխել, զանգում ասում էի՝ «քո համար մի կտոր պահել եմ»։ Միս չուտող երեխա կար, ոսպով կարկանդակ պատրաստելիս նրա համար էլ էի առանձնացնում։

Վերջին օրերին Արցախից մեր դուրս գալն անընդհատ ձգձգվում էր, Հայաստան տեղափոխված հարազատներն ասում էին՝ «չենք հասկանում, կարո՞ղ ա Արցախի բանալին ձեռիդ ա, պետք ա փակիս, նոր գաս»։ Այդ օրերին մարդիկ սրճարան գալիս էին սննդի համար ու մեզ պարտավորված էինք զգում, մտածում էինք, քանի դեռ իրենք կան, մեր ներկայությունն էլ պետք է Արցախում։ Վերջին օրը մոտ 120 մարդ սնվեց Թումանյան'ս ART-ում։ Արցախից դուրս եկանք սեպտեմբերի 29-ին, երբ իմացանք, որ մարդկանց տարհանող ավտոբուսներ են գալիս Հայաստանից։
 
Դուրս գալուց տնից ոչ մի արժեքավոր իր չվերցրեցինք, իսկ Թումանյան'սից՝ մի կարպետ, սրճաղացը, մի քանի գիրք ու տատիս սնդուկը։ Սնդուկի մեջ դրեցինք մեր երեխաների առաջին կոշիկները, առաջին կտրած մազերը, բացիկները, որ մեզ համար էին պատրաստել, իմ ավարտական «ֆարտուկը», որի վրա մաղթանքներ են գրված, ասեղնագործած սփռոցներս։ Ստեփանակերտում դժվարությամբ տուն էինք ձեռք բերել, այս տարի հիփոթեքի վերջին տարին էր, բայց տան համար չենք մտածում, որքան Թումանյան'սի։ Կարծես մեր երրորդ երեխան լիներ, ամենապստիկը, մեր կարիքն ունեցողը։

Քրիստինի ամուսինը՝ Վադիմը եւ նրանց կատուն

Մեծ ցավով թողեցինք սրճարանը, դուռն էլ չփակեցինք, մենք եկանք, բայց չկարողացանք բերել կատվին, իսկ նա տարածքի «տերն» էր, բոլորի սիրելին։

Ամուսինս մեքենա մտցրեց, բայց բոլորիս ճանկռեց ու դուրս թռավ։ Նա սրճարանում իր տեղն ուներ ու բոլորը գիտեին, որ եթե այն զբաղեցրել են, կատուն գալու է եւ տեղից հանի։ Նստում էր պատուհանի մոտ ու նայում անցող դարձողներին։

2020 թվականի պատերազմի ընթացքում մեր երեխաները Երեւանի կացարաններից մեկից էին որդեգրել ու Արցախ բերել։ Երեխաներն անվանել էին Ստիչ, բայց կախված նրա այդ օրվա տրամադրությունից՝ կատվին նաեւ Ցմբուլ, Կոտէ, Բուլկի էինք անվանում։ Հիմա մենք Երեւանում ենք, նա՝ Արցախում։ Մտածում ենք՝ ճիշտ ընտրություն արեց, որ մնաց, Արցախին չդավաճանեց։

  • Կիսվել: