շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախի ժողովուրդն իր հայրենիքից որևէ տեղ գնալ չի պատրաստվում. Պողոսյան

Արցախի ժողովուրդն իր հայրենիքից որևէ տեղ գնալ չի պատրաստվում. Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց, որ, իր  կարծիքով, Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է տարածաշրջանը վերածել ահաբեկչական նոր օջախի:

՛՛Մենք բոլորս կողմ ենք, որպեսզի Ադրբեջանն իսկապես միջազգային հանրության կողմից ստանա արժանի պատիժ, որովհետև այսօր արդեն ոչ միայն Հայաստանը, ոչ միայն Արցախը, այլ նաև միջազգային հանրությունը, տարբեր ուժային կենտրոններ, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և շատ այլ միջազգային կազմակերպություններ հայտարարել են, որ այս պատերազմում ներգրավված են ահաբեկիչներ և Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է տարածաշրջանը վերածել ահաբեկչական նոր օջախի՛՛,-ասաց նա:

Խոսնակը նշեց, որ սա արդեն բավական լուրջ մեղադրանք է ուղղված Ադրբեջանին, քանի որ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, և Արցախի նախագահն էլ բազմիցս հայտարարել է այս ընթացքում, որ Արցախը ներգրավված է հակաահաբեկչական պայքարում:

Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պարտավոր է շատ գործնական քայլեր կիրառել: Պողոսյանն ասաց. ՛՛Փաստարկները շատ տարբեր են, այսօր մի մասը հրապարակման ենթակա են, մի մասը պարզապես ներկայացվում են համապատասխան կառույցներին: Ադրբեջանի զոհերի մեջ կան բավական մեծ թվով դիակներ, որոնք արտաքինով նման են այն մարդկանց, որոնք Սիրիայում մասնակցել են տարբեր ահաբեկչական գործողությունների: Այս մասին կան տեսանյութեր, որոնք կհրապարակվեն, բայց այժմ ներկայացվում են տարբեր կառույցների՛՛:

ԱՀ նախագահի խոսնակը նաև վստահեցրեց, որ Արցախի ժողովուրդն իր հայրենիքից որևէ տեղ գնալ չի պատրաստվում:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Արցախի ժողովուրդն այսօր շատ ամուր կանգնած է: Անվտանգությունից ելնելով, իհարկե, եղել են բազմաթիվ ընտանիքներ, որոնք տեղափոխվել են ավելի ապահով վայրեր, բայց, ընդհանուր առմամբ, Արցախի ժողովուրդը կանգնած է, հայ ժողովուրդը կանգնած է, և որևէ տեղ գնալ մեր հայրենիքից, չենք պատրաստվում՛՛:

Պողոսյանի կարծիքով՝ ժողովրդի շրջանում խուճապային տրամադրություններ չկան, և հասարակությունը բավական համախմբված է:

 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի նախագահը կդիմի ՀՀ իշխանություններին Արցախի անկախություն ճանաչման հարցով՝ խոսնակն ասաց, որ այն միանշանակ գտնվում է երկրի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն Արցախի իշխանությունների խնդիրը ոչ միայն Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, այլ նաև աշխարհի շատ այլ երկրների:

Նա նշեց, որ  քաղաքական ամբողջ գործընթացը պետք է տարվի այն ուղղությամբ, որ Արցախի անկախությունը ճանաչեն  աշխարհի շատ երկրներ: Պողոսյանն ասաց. ՛՛Այս ուղղությամբ չեմ բացառում նաև, որ քայլեր ձեռնարկվեն՛՛:

խոսնակը հավելեց նաև, որ մի շարք հանգամանքներից են կախված արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցի հետ կապված որոշումները:

Ըստ Պողոսյանի՝ եթե գործընթացները այնպես զարգանան, որ Արցախի նախագահը դիմի աշխարհի պետություններին Արցախի անկախության ճանաչման հարցով, այն ժամանակ կտեսնեն, թե որ պետությունները պատրաստ կլինեն ճանաչել Արցախի անկախությունը: Նա նշեց. ՛՛Համոզված եմ, որ այդպիսիք կան՛՛:

  • Կիսվել: