երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի ՃՈ աշխատակիցներն այսօրվանից կրելու են նոր համազգեստ

Արցախի ՃՈ աշխատակիցներն այսօրվանից կրելու են նոր համազգեստ

Ճանապարհային ոստիկանության ծառայողներն այսուհետ հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունը կիրականացնեն աշնանային ու ձմեռային սեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն, հետևել ծառայության ընթացքին, նոր համազգեստի հետ կապված լսել ծառայողների և ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի կարծիքները:

Նախարարի խոսքով՝ համազգեստը մշակվել է հիմք ընդունելով դրանց հարմարավետությունը և Արցախի կլիմայական պայմանների հետ կապված խնդիրները:

ՆԳՆ համակարգում բարեփոխումների մաս են կազմում ոչ միայն դինամիկ արտաքին ծառայության իրականացումը, այլև ներքին կարգ ու կանոնի ճիշտ պահպանումը:

Մայիսին ոստիկանության ՊՊԾ գումարտակը համալրվեց կապի, հեռահաղորդակցության և տեխնիկական նոր միջոցներով: Բարեփոխումները սկսվել են առաջնահերթ ՆԳՆ այն ստորաբաժանումներից, որոնք առավել շատ են առնչվում քաղաքացիների հետ։

Ոստիկանության համակարգում ստեղծվում է նոր միջավայր:

Առաջնահերթությունը տրվում է անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով օժտված ծառայողներին, որոնց շնորհիվ հանրապետության տարածքում այսօր ունենք պատշաճ պարեկային ծառայություն, դե իսկ համազգեստի ճիշտ կրումը՝ դրա կարևոր նախապայմաններից է:

Նախարարը զրուցել է ծառայողների հետ, հետաքրքրվել առօրյա խնդիրներով, տվել հանձնարարականներ ու ցուցումներ: Կարեն Սարգսյանի խոսքով՝ պետք է քաղաքացիների հանդեպ ավելի հոգատար ու սրտացավ մոտեցում ցուցաբերել, ամենակարևորը՝ ճիշտ վերաբերմունքն է, որի շնորհիվ կփոխվի ոստիկանության հանրային ընկալումը:

Նշենք, որ համազգեստից բացի, բարեփոխումներ են նախատեսվում Ոստիկանության և ԱԻՊԾ տարածքային բոլոր ստորաբաժանումներում:

  • Կիսվել: