երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել առանց նրա մասնակցության. Բակո Սահակյան.

Արցախի ճակատագիրը չի կարող վճռվել առանց նրա մասնակցության. Բակո Սահակյան.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացմանը և հանդես եկել այնտեղ ելույթով:

Այս մասին հայտնում են րցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Ներկայացնում ենք Արցախի Հանրապետության նախագահի ելույթն ամբողջությամբ. 

«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Թանկագի՛ն բարեկամներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,                                            

Ի սրտե ողջունում եմ բոլորիդ Արցախի Հանրապետությունում:

Այսօրվա միջոցառումը բավականին յուրահատուկ է թե՛ իր բովանդակությամբ, թե՛ մասնակիցների առումով: Առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողով, որը մեկ հարկի տակ է հավաքել մեր երկրին սատարող քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների,  գիտնականների, վերլուծաբանների և լրագրողների տարբեր պետություններից: Այստեղ են Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների անդամներ, մեր հանրապետության անկախությունը ճանաչած կամ մեզ հետ համագործակցող վարչական միավորների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Ժողովրդավարական սկզբունքներին և մարդասիրական արժեքներին նվիրվածությամբ դուք տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք եք տանում՝ ուղղված Արցախի սատարմանը, միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:

Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ այս ամենի համար, բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը և ուրախ ենք, որ ունենք ձեզ նման ընկերներ ու բարեկամներ:

Համաժողովում քննարկվելիք թեմաներն առնչվում են մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին, և նման ձևաչափը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել իրականությունը, նախանշել ու հստակեցնել անելիքները:

Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ ներկայացնել Արցախի Հանրապետության պետականաշինության տեսլականը և մեր արտաքին քաղաքական հրամայականները, ինչը յուրահատուկ ուղենիշ է հանդիսանում նաև ձեր աշխատանքում:

Անկախ, ինքիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը:

Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում:

Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով:

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում շարունակում են մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները:

Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ:  Դա պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ հայկական սփյուռքի առկայությամբ:

Արտաքին քաղաքական ասպարեզում պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու է հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների ու պետությունների և նրանց վարչական միավորների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Յուրաքանչյուր ժամանակահատված առաջադրում է նոր խնդիրներ, պահանջում է տարբեր մարտահրավերների դիմակայելու ռազմավարության և մարտավարության հստակեցում ու ճշգրտում: Այստեղ առանցքային դերակատարություն ունի Հայաստան-Արցախ-Սփյուռք սերտ փոխգործակցությունը, Արցախի և նրա բարեկամների միջև մշտական գործնական կապերի ամրապնդումը:

Անելիքներն ու խնդիրները բազմազան են, բայց միանգամայն իրատեսական: Համոզված եմ, որ մեզ հաջողվելու է արդյունավետորեն լուծել դրանք, և այս ճանապարհին հատուկ նշանակություն ունի նման միջոցառումների անցկացումը:

Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նրա մասնակիցներին՝ քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»։ 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: