հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են․ Միրզոյան

Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են․ Միրզոյան

Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը Փարիզ աշխատանքային այցի շրջանակում հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին։

Լրագրողի այն հարցին, թե ո՞րն է եղել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, ապա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությամբ  Ադրբեջանի ԱԳ նախարար  Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները, Միրզոյանն ասել է.

«Նախ և առաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, ֆրանսիացի խորհրդարանականներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայաստանին։

Ցանկանում եմ ընդգծել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսման կարևորությունը։

Անշուշտ, հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է: Բայց այս փուլում մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել փոքր քայլերով՝ կապված ռազմագերիների ազատ արձակման, հումանիտար նպատակներով Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովման հետ, որը նպատակաուղղված կլինի հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի վերահսկմանը, քանզի Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։

Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը։ Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են»։

  • Կիսվել: