ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի շահերը միջազգային տարբեր ատյաններում պաշտպանելու համար փորձել ենք անել  ամեն ինչ․ Դավիթ Բաբայան

Արցախի շահերը միջազգային տարբեր ատյաններում պաշտպանելու համար փորձել ենք անել ամեն ինչ․ Դավիթ Բաբայան

Արցախի համար 2021 թվականը 44-օրյա պատերազմից հետո ապաքինվելու ժամանակահատված էր: Հունվարի 19-ին կայացած ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«2021 թվականը յուրահատուկ տարի էր մեր երկրի, յուրաքանչյուրիս համար: Փաստորեն սա Արցախյան երրորդ պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր: Արցախը, կարելի է ասել, դեռևս գտնվում է բավականին ծանր վիճակում՝ որպես վիրավոր մի երկիր, բայց կարող ենք փաստել, որ կամաց-կամաց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այսպես կարող ենք որակել ընդհանուր մեր վիճակը: Եվ անհրաժեշտ է, որ այս ծանր հոգեբանական վիճակից դուրս գանք, առանց դրա դժվար է լինելու ակնկալել հաջողություններ»:

Նա հավելեց, որ 2021 թվականին ընդհանուր առմամբ փորձել են ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանեն Արցախի շահերը միջազգային տարբեր ատյաններում և անմասն չմնան աշխարհաքաղաքական գործընթացներից:

«Դուք գիտեք, որ կարևորագույն գործառույթներից մեկը տարբեր միջազգային ատյաններում մեր տեսակետները ներկայացնելն է: 2021 թվականին մենք ԵԱՀԿ-ում տարածել ենք 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում՝ 15 փաստաթուղթ, Եվրոպայի խորհրդում՝ 4 փաստաթուղթ: Տարվա ընթացքում տարածել ենք 32 պաշտոնական հայտարարություն մեկնաբանություն: Ունեցել ենք 88 պաշտոնական հաղորդագրություն»,- մանրամասնեց Բաբայանը:

Բաբայանը հավելեց, որ շատ ակտիվ աշխատել են նաև սոցիալական ցանցերում:

Նա նշեց, որ անցած տարվա ընթացքում կապ են ունեցել 14 երկրի առաջատար լրատվամիջոցների հետ, հրապարակվել են տարբեր մեկնաբանություններ, հարցազրույցներ, հոդվածներ:

  • Կիսվել: