հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի սահմանապահ համայնքների երեխաների համար միջոցառում է կազմակերպվել

Արցախի սահմանապահ համայնքների երեխաների համար միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Սկյուռիկ» միջոցառումների կազմակերպման ծառայությունն Արցախի սահմանապահ գյուղերի երեխաների համար անակնկալ միջոցառումներ է կազմակերպել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է միջոցառման նախաձեռնող Վաչե Վարդանյանը։

«Ընտրել ենք սահմանապահ այն համայնքները, որոնք նաև փոքր են։ Այցելել ենք ԱՀ Մարտունու շրջանի Քերթ, Խերխան, Կոլխոզաշեն, Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքներ։ Մեր թիմն իր այցով   անակնկալ է մատուցել  փոքրիկներին,  մուլտհերոսների մասնակցությամբ մանկական ծրագիրը տոն է պարգևել նրանց,  իսկ վերջում բոլոր երեխաներին նվերներ ենք բաժանել»,-ասել է Վ. Վարդանյանը։

Նրա խոսքով՝ միջոցառման  ֆինանսական ու տեխնիկական հարցերն ամբողջությամբ  հոգացել է «ԱյԴի» բանկը։

«Անցած տարի ևս նման միջոցառում կազմակերպել էինք Ստեփանակերտում, սահմանապահ համայնքների երեխաներին հավաքել էինք Մշակույթի և երիտասարդության պալատում։ Այս անգամ հատուկ ենք գնացել այդ համայնքներ, որպեսզի ցույց տանք, որ այդ համայնքներում կյանքը շարունակվում է։ Խերխանում կար տասնհինգ երեխա, որից վեցը զոհված հերոսների երեխաներ էին, Կոլխոզաշենում՝ մոտ քսան երեխա, և, առհասարակ, հենց այդ գյուղերին մեծ ուշադրություն պետք է դարձնել»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցն ու ավելացրել, որ հունիս ամսվա ընթացքում նմանատիպ միջոցառումներ կկազմակերպվեն Արցախի սահմանապահ այլ համայնքներում ևս։

  • Կիսվել: