երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախի քաղաքական օրակարգում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարց չի քննարկվում. Վահրամ Բալայան

Արցախի քաղաքական օրակարգում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարց չի քննարկվում. Վահրամ Բալայան

Պատերազմից հետո անվտանգության համակարգը խաթարվել է, և եթե ՀՀ-ն նախկինում հանդես էր գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այսօր, ցավոք, այդպես չէ։ Ստեղծված վիճակում ահագին տարածքներ կորցրած, փոքրաթիվ ազգաբնակչությամբ վիրավոր Արցախը գոյաբանական պայքարի մեջ է։ 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Աժ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեի մասին խոսակցություններին ու հավելել, որ քաղաքական ուժերի օրակարգում նման հարց չի քննարկվում։
 
«Դաշնակցությունն օրինապաշտ կուսակցություն է և այն, ինչ ամրագրված է Սահմանադրությամբ, այն, ինչ ժողովուրդը հանրաքվեով է արտահայտել՝ ցույց տալով անկախ պետություն ունենալու իր կամքը, դրան էլ կողմ ենք։ Առայսօր մեր դիրքորոշումը չի փոխվել»,-նշել է Վահրամ Բալայանը։
 
Ստեղծված իրավիճակում հասարակության տարբեր շերտերի մոտ՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեի շուրջ խոսակցությունները Բալայանը գոյաբանական առումով լրիվ աբսուրդային չի համարում՝ հատկապես, եթե հաշվի է առնվում ՀՀ իշխանությունների՝ Արցախից ձեռքերը լվանալու ակնհայտ փաստը։
 
Այդուհանդերձ, Բալայանը խորին համոզմունք ունի, որ համախմբելու, համայն հայության ջանքերը մեկտեղելու դեպքում կկարողանանք Արցախի անվտանգության խնդիրն ինքներս լուծել, և չի հասնի այն կրիտիկական պահը, որ մեր 30 տարվա պայքարը զրոյացվի։
 
«Ուժերի մեկտեղում պետք է արվի, որպեսզի ինչպես 90-ականերին՝ թեկուզ սակավ ռեսուրսներով, բայց կարողացանք մեր խնդիրները մեր ուժերով լուծել, այս անգամ էլ հաջողենք։ Մեր ազգային խնդիրներն այն ժամանակ կարողացանք լուծել հենց մեր միակամությամբ։ Ինչ էլ անենք, պետք է միասին որոշենք ու անենք։ Եթե ամեն մեկն իր անձնական դիրքորոշումն առաջ տանի, լավ հանգրվանի չենք հասնի»,-շեշտել է Բալայանը։
 
Պատգամավորի դիտարկմամբ՝ մեր համախմբումը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում նաև մեր դաշնակիցներին է շահեկան։ Բևեռացված աշխարհում ունենալ ուժեղ դաշնակից, ըստ նրա, երկուստեք ձեռնտու է, ամենակարևորը՝ մեզ կհարգեն՝ որպես ազգ ու պետություն։
 
Նա համոզված է՝ համազգային շահն առաջ տանելու և անվտանգային խնդիրները լուծելու հարցում մտահոգ և շահագրգիռ պետք է լինի յուրաքանչյուր հայ։ Դատելով ապրիլի 5-ի հանրահավաքին ներկա եղած մարդկանց թվից՝ Բալայանը ցավով նկատում է, որ հասարակության մեծ մասի մոտ ազգային շահի գերակայության գիտակցումը դեռ չկա։

  • Կիսվել: