ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի պետնախարարը ներկայացրել է սոցիալ- տնտեսական առաջնահերթությունն ու անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները

Արցախի պետնախարարը ներկայացրել է սոցիալ- տնտեսական առաջնահերթությունն ու անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները

Արցախի Հանրապետության կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության գերնպատակը եղել և մնում է կյանքի բարեկեցիկ պայմանների ապահովումը հասարակության բոլոր անդամների համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հետպատերազմյա նոր իրավիճակում սոցիալ-տնտեսական քաղաքականությանը:   
 
   «Պայմանավորված նոր իրողություններով՝ վերոնշյալ նպատակի իրագործման ուղիները, միջոցներն ու մեթոդները կենթարկվեն որոշակի փոփոխությունների: Կարճաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի գերակշիռ մասը կունենա սոցիալական ուղղվածություն` աջակցության գործուն մեխանիզմներով: Դրան զուգահեռ՝ արդյունավետության և արտադրողականության հնարավոր բարձր ցուցանիշների ապահովմանը միտված տնտեսական քաղաքականություն կվարվի:
 
  Քաղաքաշինության ոլորտում արդեն իսկ սկսվել են բնակարանաշինական աշխատանքները: Տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով պլանավորվել է Ստեփանակերտում և Արցախի վերահսկողության տակ գտնվող մի շարք բնակավայրերում նոր բնակարանների կառուցում, Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքների կազմակերպում»,-մանրամասնեց Մարտիրոսյանը:
 
    Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ պետնախարարը նշեց, որ Վարելահողերի սակավությունը դրանց ճիշտ ու գրագետ կառավարում է պահանջում: Այդ համատեքստում պահանջված է ինտենսիվ գյուղատնտեսության վարումը: Կառավարությունը կշարունակի աջակցել ջերմատնային տնտեսությունների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման և բարձրարժեք կուլտուրաների մշակության, տոհմային անասունների բուծման ծրագրերի իրագործմանը:
 
    Ինչ վերաբերում է արդյունաբերական զարգացմանը, ապա, ըստ պետնախարարի, այդ բնագավառում կիրականացվի քաղաքականություն, որը կհասցեագրվի արդյունաբերության ճյուղերի և կազմակերպությունների ուղղակի աջակցությանը, տեղական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Կխթանվի բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված, ռեսուրսախնայիչ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պրոդուկտների, այդ թվում՝ արտահանման ուղղվածություն ունեցող, արտադրությունների զարգացումը: Աշխատանքներ կտարվեն գիտատար արտադրությունների զարգացման ուղղությամբ:
 
    «Այս ամենի համար պահանջվում է բարձր որակավորված մասնագիտական ներուժ, ինչի համար նախատեսվում է ունենալ մրցունակ և ժամանակակից կրթական համակարգ»,-ընդգծեց Մարտիրոսյանը:
 
    Խոսելով անհրաժեշտ ֆինանսական միջոցների ձեռքբերման հնարավորություններից՝ Արցախի պետական նախարարը փաստեց, որ առավել քան երբևէ ներկայում պահանջվող աջակցության ծրագրերը բավական մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում:
 
 «Ներքին ֆինանսական ռեսուրսների սահմանափակության խնդրի լուծման նպատակով պետության ներդրումային քաղաքականության մեջ առաջնային է օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցը: Այդ առումով, Արցախին ձեռք են մեկնում ՀՀ կառավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, սփյուռքահայությունը և Ռուսաստանի Դաշնությունը: Լրացուցիչ միջոցների ներգրավումը հնարավորություն կտա ստեղծել նոր, բարձր տեխնոլոգիական արտադրություններ, կբարձրացնի՝ հիմնական միջոցների նորացման և տեխնիկական վերազինման մակարդակը և այլն: Արցախի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկյա ներդրումների ներգրավմանը միտված արտաքին քաղաքականության ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն միջազգային տնտեսական համագործակցության բնագավառում»,-ասաց Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը միտված է նաև տնտեսական ազատականացմանը, ազատ տնտեսական կապերի ընդլայնմանը, ինչը զգալիորեն կբարելավի երկրի սոցիալ-տնտեսական պայմանները:

  • Կիսվել: