չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախի պետական համալսարանում հոգեբանական աշխատաժողով է կազմակերպվել

Արցախի պետական համալսարանում հոգեբանական աշխատաժողով է կազմակերպվել

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել հոգեբանական աշխատաժողով, որը նախաձեռնել են ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը, «Էրուդիցիա» և «էմպաթիա» հոգեբանական կենտրոնները, Ինտեգրատիվ հոգեթերապիայի միությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ աշխատաժողովի նպատակն էր համախմբել հետազոտողներին, մասնագետներին, որպեսզի կիսեն սեփական փորձը հոգեթերապիայի տարբեր դպրոցների սկզբունքների ինտեգրման վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն ցուցաբերվի ուսանողներին և մասնագետներին՝ զարգացնելու իրենց ունեցած գիտելիքներն ու կարողությունները:

Արցախի մայր բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանը աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է «Հետվնասվածքային սթրեսային հակազդումների հաղթահարման խնդիրը 44-օրյա պատերազմից հետո» թեման:

«44-օրյա պատերազմի ընթացքում վճռորոշ նշանակություն, իհարկե, ունեցել են նաև տեղեկատվահոգեբանական պայքարի միջոցները, որոնք հանգեցրին ծանրագույն իրավիճակի: Պետք է խոստովանենք, որ ոչ մի զինատեսակ չէր կարող ընկճել մեր զինված ուժերին, արցախցիներին, եթե չլինեին տեղեկատվական, հոգեբանական ներազդման այն հնարքներն ու միջոցները, որ կիրառել է մեր թշնամին»,-համոզմունք է հայտնել Վ.Յարամիշյանը:

Նրա խոսքով՝ պատերազմից երկու տարի անց էլ բնակչության շրջանում շարունակվում են տագնապը, անորոշությունը, հուսահատությունը: Ըստ բանախոսի՝ հետվնասվածքային սթրեսի հաղթահարմանը նպաստել են նաև ԿԽՄԿ-ն, «Բժիշկներ առանց սահմանի» նախաձեռնության, ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀՊԲՀ հոգեբաններ, Սփյուռքի հայ մասնագետներ, ՌԴ խաղաղապահ առաքելության հոգեբաններ: Աշխատաժողովը վարում էր ԱՄՆ Կալիֆորնիայի պետական համալսարանի պրոֆեսոր, հ.գ.դ, Ալեն Ազիզյանը:

«Հոգեբանական խնդիրների հաղթահարման կարևոր ուղիներից մեկը զբաղվածությունն է: Հոգեբանի հետ խոսելիս այցելուն պետք է հասկանա, որ աշխարհում կա մեկը, ով հետաքրքրված է իր խնդիրներով, հույզերով, տագնապներով: Այս դեպքում նրան կարող է օգնել նաև իր մասին պատմելն ու սեփական փորձով կիսվելը»,-նշել է պրոֆեսորը:

  • Կիսվել: