երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

2023 թվականի հունիսի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1103 զանգ, որից 11-ը՝ տեխնածին, 47-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են, հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

՛՛Օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, ավելացել է բնակելի տարածքներում սողունների հայտնվելու դեպքերը: Օձերի հայտնաբերման մասով 8 կանչ է գրանցվել, 4-ը՝ Ստեփանակերտում, 3-ը՝ Մարտակերտի և մեկ դեպք՝ Մարտունու շրջաններում:

ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս սողուններին հայտնաբերելու դեպքում ինքնուրույն գործողություններ չանել, անմիջապես զանգահարել ծառայության թեժ գծին՝ 911 հեռախոսահամարին:

Նշված ժամանակահատվածում հրդեհի վերաբերյալ կանչեր չեն արձանագրվել, դրան նպաստել է նաև անձրևի տեսքով ամենօրյա տեղումները: Սակայն, հրդեհավտանգ շրջանն արդեն սկսված է: Այս առումով, ՆԳ նախարարության կողմից իրականացվում են համապատասխան իրազեկման և կանխարգելիչ գործողություններ, բնակչության անվտանգության ապահովման, հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու ուղղությամբ։
Դրա հետ մեկտեղ, ծառայությունում ամենօրյա ռեժիմով տարվում են համապատասխան ուսումնական և գործնական պարապմունքներ։

Յոթ օրվա ընթացքում, ԱԻՊԾ սակրավորները կատարել են 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 159 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Ծառայության սակրավորները բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, բնակելի տարածքներում և գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված հողատարածքներում իրականացնում են հետախուզական և հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանքներ:

Անցած շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 9 դռան և 8 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 7 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:

Հետադարձ կապ՝ 911, 101, 112, /047/94-09-11՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: