հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի նախագահն այցելել է ներքին գործերի նախարարություն, ծաղիկներ դրել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Արցախի նախագահն այցելել է ներքին գործերի նախարարություն, ծաղիկներ դրել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ներքին գործերի նախարարություն և մասնակցել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր ժողովին:

Նախագահը ծաղիկներ է դրել նախարարության տարածքում գտնվող զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև երկրի ղեկավարը մեդալներ ու կոչումներ է հանձնել Արցախի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողների՝ միաժամանակ ընդգծելով, որ հետպատերազմյան մարտահրավերների հաղթահարման, ներքին անվտանգության և օրինականության ապահովման գործում մեծ է կառույցի դերակատարումն ու ներդրումը:

Արայիկ Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել զոհված ոստիկանների հարազատներին՝ նշելով, որ նրանց դաստիարակած հերոս զավակների շնորհիվ մենք այսօր կարող ենք արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար:

Հանրապետության նախագահի խոսքով՝ գերատեսչության աշխատակիցների ինչպես ծառայողական, այնպես էլ սոցիալական խնդիրները մշտապես գտնվելու են իշխանությունների ուշադրության կենտրոնում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովվեն նրանց պարտականությունների պատշաճ կատարման համար:

Երկրի ղեկավարին ուղեկցել են պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: