կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախի նախագահը ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն․ տրվել են հանձնարարականներ

Արցախի նախագահը ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն․ տրվել են հանձնարարականներ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հաղորդում է ԱՀ ՆԳՆ-ն։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ եւ ցուցումներ`դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթեւեկը կազմակերպելու, ինչպես նաեւ Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթեւեկության եւ հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն` առաջացրել է խցանումներ։

Այդ իսկ պատճառով, հորդորում ենք`

Խուճապի չմատնվել եւ չշտապել` Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար։

Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով, որի համար սահմանված ժամկետներ չկան։ Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղեւորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը։

ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է իր առաքելությունը, իրականացնելով զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների, ինչպես նաեւ դեռեւս անհայտ համարվող մեր հայրենակիցների որոնողափրկարարական աշխատանքները։

Այս ուղղությամբ կատարված աշխատանքները նախագահին ներկայացրել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։

Օպերատիվ շտաբի թեժ գիծ- 047 957551»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: