երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի նախագահը հանդիպել է ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ

Արցախի նախագահը հանդիպել է ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին այցելել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են պատերազմի հետևանքներին, առկա մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին ու անորոշություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում պետական կառավարման համակարգի օղակների անելիքներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա խնդիրներին և բնակչության կարիքներին՝ այսօր հայտնվել են շատ մեծ ծավալի նոր խնդիրներ ու կարիքներ: Նախագահը շեշտել է, որ ակնկալում է պետական բոլոր կառույցների աշխատակիցներից առավելագույն քրտնաջան, պատասխանատու, հետևողական ու արդյունավետ աշխատանք: Այդ համատեքստում նա հանձնարարել է նախարար Աշոտ Բախշիյանին կենտրոնացնել կառույցի աշխատակիցների ողջ ներուժը պատերազմի հետևանքներն արագ վերացնելու, բնակչության հրատապ կարիքները բավարարելու և տնտեսության վերականգնման ու զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

 

  • Կիսվել: