ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են համագործակցության սերտացման հեռանկարները

Արայիկ Հարությունյանը և Նարեկ Մկրտչյանը քննարկել են համագործակցության սերտացման հեռանկարները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարի այցի կապակցությամբ՝ կարևորելով այն երկու հայկական պետությունների կառավարությունների միջև փոխգործակցությունը ավելի սերտացնելու վերջերս ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում:
 
Զրուցակիցները քննարկել են սոցիալական ապահովության ոլորտում Հայաստանի ու Արցախի համապատաասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
 
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել այդ կառույցների համատեղ աշխատանքի մակարդակը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման համար:
 
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը:

  • Կիսվել: