ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ կանխարգելիչ միջոցառումները կլինեն ավելի խստացված․ նախարար (տեսանյութ)

Արցախի նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ կանխարգելիչ միջոցառումները կլինեն ավելի խստացված․ նախարար (տեսանյութ)

Մինչ օրս Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք, նրանցից 2-ը ռիսկային խմբում են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։

«Բոլորի առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար։ Ռիսկային խմբում գտնվողներից մեկը ունի խրոնիկ հիվանդություններ, այս պահին այդ քաղաքացու մոտ ախտորոշված է երկկողմանի թոքաբորբ, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասաց նա։

ԱՀ առողջապահության նախարարի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ 5 քաղաքացիներից 3-ը բուժում են ստանում Արցախում, 2-ը՝ Հայաստանում։ «Համագործակցությունը շատ սերտ է Հայաստանի առողջապահության նախարարության հետ։ Կորոնավիրուսի ի հայտ գալու հենց առաջին օրերից, կարելի է ասել, համագործակցությունը 24-ժամյա է։ Բոլոր փորձանմուշները մինչ այս պահը ուղարկվում են ՀՀ և պատասխանները լինելուն պես մեզ օպերատիվ տեղեկություն են հայտնում»,- նշեց Արայիկ Բաղրյանը։

Նրա խոսքով՝ Արցախից Հայաստան է ուղարկվել 45 թեստ, որից 5-ն է դրական եղել։ Եվ ևս 9 փորձանմուշներ ուղարկվել են այսօրվա ընթացքում։

«Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում՝ թե իրազեկման, թե ախտահանման ձևով»,- ասաց ԱՀ առողջապահության նախարարը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել էր Միրիկ համայնքի բնակչի մոտ, որը ժամանալ էր Հայաստանից։ Նախօրեին հայտարարվեց, որ Քարվաճառում ևս կորոնավիրուսով վարակվելու դեպք է հաստատվել։ Հարցին՝ ինչպե՞ս է քարվաճառցու մոտ ի հայտ եկել կորոնավիրուսը, Արայիկ Բաղրյանը պատասխանեց․ «Այս պահին մենք Քարվաճառի օջախ ենք հայտնաբերել։ Քարվաճառի այդ վարակվածի կոնտակտավորների ընտանիքների անդամներին տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ, նրանց տներն ախտահանվել են։ Այս պահի դրությամբ ճշտվում են կոնտակտավորների շրջանակը, որպեսզի բացթողումներ չլինեն, բայց թե որտեղից է ծագել, դեռ ինֆորմացիա չունենք»,- հայտնեց Արայիկ Բաղրյանը։

Ինչ վերաբերում է ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման նպատակահարմարության, բնակիչների անվտանգության ապահովմանը, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը նշեց․ «Նախարարությունը լծված է իր աշխատանքին,որպեսզի հնարավորինս կանխարգելի տարածումը։ Այդ պատճառով բոլոր ընտրողներին ինչպես առաջին փուլի ժամանակ, այնպես էլ երկրորդ փուլի ընթացքում տրամադրվելու են անհատական պաշտպանիչ միջոցներ։ Բոլոր ընտրատեղամասերում առողջապահության համակարգի և համայնքների վարչակազմերի օգնությամբ ախտահանման աշխատանքներ են իրականացվում և երկրորդ փուլի ժամանակ կանխարգելիչ միջոցառումները լինելու են էլ ավելի խստացված»։

Արայիկ Բաղրյանը համոզված է՝ ընտրողների համար կապահովվեն բոլոր չափանիշները, որոնք թույլ կտան խուսափել կորոնավիրուսի տարածումից։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: