ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի մշակույթի նախարարը մեկնաբանել է Մարտունիում Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին լուրերը

Արցախի մշակույթի նախարարը մեկնաբանել է Մարտունիում Նժդեհի արձանը ապամոնտաժելու մասին լուրերը

Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում ակտիվ շրջանառվում են լուրեր այն մասին, թե Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը պատրաստվում են ապամոնտաժել: Ըստ նույն տեղեկությունների՝ իբր ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել Նժդեհի արձանը, ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը: 

Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով այդ լուրերին, ասել է, որ դրանք կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Նկատենք՝ Նժդեհի կիսանդրին հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողությունը դեռեւս չի էլ եղել: Հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է։
 
Ղարախանյանը հայտնել է , որ դեռ հայտնի չէ, թե երբ է նախատեսվում հանդիսավոր բացումը, երբ պարզ լինի, կտեղեկացնեն։
 
Ավելի վաղ Մարտունու քաղաքապետի տեղակալ Էդիկ Ավանեսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ արձանի բացման արարողությունը լինելու է սեպտեմբերին։
 
Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ռուս խաղաղապահ բարձրաստիճան զինվորականը հենց Մարտունու քաղաքապետից է պահանջել ապամոտնաժել Գարեգին Նժդեհի արձանը, քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հրաժարվել է՝ ասելով՝ «կարող է վաղն էլ Մոնթեի արձանը պահանջեն ապամոնտաժել»: Էդիկ Ավետիսյանի հետ զրուցել լրատվամիջոցին  չի հաջողվել։ 

  • Կիսվել: