Արցախի մայր բուհում մի խումբ մասնագետների համար մեկնարկել է վերապատրաստման և ատեստավորման դասընթաց
Այսօր՝ հուլիսի 3-ին, Արցախի մայր բուհում մեկնարկել է Ստեփանակերտ քաղաքի ուսումնական հաստատությունների հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների, հատուկ մանկավարժների, լոգոպեդների մասնագիտական վերապատրաստման և ատեստավորման դասընթաց:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասընթացը կազմակերպվել է «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական հասարակական կազմակերպության կողմից` ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության եւ «Էրուդիցիա» գիտահետազոտական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:


«Վերապատրաստման դասընթացի նպատակն է նպաստել սոցիալական և հատուկ մանկավարժության, հոգեբանության բնագավառի մասնագետների` հոգեբանների և հատուկ մանկավարժների, սոցիալական մանկավարժների և լոգոպեդների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, կատարել այդ մակարդակի գնահատում, կատարելագործել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց հետ հոգեկարգավորիչ, շտկողական և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հմտությունները և կարողությունները, լիազոր մարմնին առաջարկություն ներկայացնել` դասընթացի վերլուծության արդյունքում»,-մեզ հետ զրույցում ասել է հ.գ. թ., ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:
Նա իրազեկել է, որ դասընթացը կտևի հինգ օր, որի ավարտին մասնակիցները կստանան վկայագրեր:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ նախաձեռնությունը չափազանց կարևոր է դպրոցներում և հանրակրթական մյուս ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմաններ պահանջող երեխաների համար:
«Ներառական կրթություն պահանջող երեխաների թիվը մեծ է մայրաքաղաքում, բայց նույն խնդրով երեխաներ կան նաև շրջանների ուսումնական հաստատություններում, և այս ձևաչափով վերապատրաստման դասընթացներ պետք է իրականացնենք նաև շրջաններում»,-հավելել է Ն. Մկրտչյանը:

Մայր բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը, իր հերթին կարևորելով նախաձեռնությունը, նշել է, որ բուհը պատրաստ է հարմարավետ ու տեխնիկապես զինված լսարաններ տրամադրել դասընթացները լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու համար:

Մայր բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը, իր հերթին կարևորելով նախաձեռնությունը, նշել է, որ բուհը պատրաստ է հարմարավետ ու տեխնիկապես զինված լսարաններ տրամադրել դասընթացները լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու համար:

«Բուհում տարեցտարի ավելանում է «Հոգեբանություն» բաժնի դիմորդների թիվը, ինչը ողջունելի է:
Սա նշանակում է, որ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա այս մասնագիտության և կրթական ծրագրի հանդեպ:
Դժբախտաբար, այսօր մեզ մոտ իրավիճակն աստիճանաբար լարվում է, և հոգեբանական աջակցության կարիք ունեն բոլորը, իսկ այսպիսի դասընթացների կազմակերպումը շատ կարևոր է խնդրին ինչ-որ կերպ լուծում տալու համար»,-ընդգծել է Ա. Սարգսյանը: