շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցվել են մեկ շաբաթով

Արցախի կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցվել են մեկ շաբաթով

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը այսօր՝ մարտի 13-ին, Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ անց է կացրել խորհրդակցություն՝ քննարկել դասապրոցեսի դադարեցման հարցը՝ կապված Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ն. Աղաբալյանն ասել է, որ ԿԳՍ նախարարության համակարգի պատասխանատուները պարբերաբար քննարկում են ոլորտի հետագա գործողությունները և նախանշում անելիքները:

«Եթե անհրաժեշտություն է առաջանում  դադարեցնել պարապմունքները, ապա ուսուցիչները պետք է այդ ընթացքում  աշակերտներին տնային առաջադրանքներ հանձնարարեն, իրականացվեն ճկուն աշխատանքներ և, ըստ անհրաժեշտության, կայացվեն որոշումներ՝ արտաքին ընթացիկ ստուգումների, միասնական քննությունների մասով: Խնդիրը մեկն է՝ պահպանել առողջությունը, թույլ չտալ Նոր կորոնավիրուսի ներթափանցումը և տարածումն Արցախում և, միաժամանակ, հասցնել յուրացնել ուսումնական ծրագրերը»,-մասնավորապես ասել է նախարարը:

Անդրադառնալով հաճախելիության ցուցանիշներին՝ Ն. Աղաբալյանն ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ձեռնարկած միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքները. ընթացիկ շաբաթվա հաճախումները նորմայի շրջանակներում են:

«Ունեցել ենք հատուկենտ դպրոցներ, որտեղ բացակաների թիվը շատ էր. նման ցուցանիշներ գրանցվել են հիմնականում գյուղական այն բնակավայրերում, որտեղ սակավաթիվ են աշակերտները: Մարտի 11-ի՝ դրությամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում ունեցել ենք 9,2 % բացակայություն, իսկ մարտի 12-ին՝ 8 %. նվազումն ակնհայտ է»,-ավելացրել է Ն. Աղաբալյանը:

Ինչ վերաբերվում է սուր շնչառական վարակներին և գրիպին, ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում իրենց հաջողվել է կասեցնել հիվանդության տարածումը, որն էլ խիստ անհրաժեշտ է առողջապահական համակարգը չծարնաբեռնելու համար:

Նա վստահություն է հայտնել, որ ճիշտ գործողությունների արդյունքում կկարողանան կանխել նաև նոր կորոնավիրուսի տարածումը:

Մեր այն հարցին, թե երկշաբաթյա դասերի դադարեցումը, ինչպես պետք է լրացնեն, Ն. Աղաբալյանը պատասխանել է. «Շատ կարևոր է ուսուցիչների և տնօրենների անելիքների ճիշտ բաշխումը: Պետք է անպայման բարձրացնենք յուրաքանչյուրի սոցիալական պատասխանատվության գիտակցումը. յուրաքանչյուր ոք պատասխանատու է ոչ միայն իր, այլև իր շրջապատի առողջության համար: Գրիպով հիվանդ կամ ջերմություն ունեցող ուսուցիչները և աշակերտները չպետք է հաճախեն ուսումնական հաստատություն: Բաց թողնված դասերի լրացման ուղղությամբ կաշխատեն մեթոդմիավորման պատասխանատուննները, օն-լայն հավելվածների միջոցով ուսուցիչներն աշակերտներին կկարողանան ստուգել և տեղեկանալ հանձնարարությունների կատարման ընթացքի մասին: Ըստ անհրաժեշտության՝ կրթական ծրագիրը կխտացնենք և համապատասխան այլ քայլեր կձեռնարկենք»:

Տեղեկացնենք, որ քիչ առաջ ավարտվել է հանրապետությունում գործող օպերատիվ շտաբի խորհրդակցությունը, որը վարում էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նիստին որոշում է կայացվել, որ նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական միջին մասնագիտական (արհեստագործական) և բարձրագույն ուսումնական հաստատությունները կդադարեցնեն աշխատանքները մեկ  շաբաթով՝   սկսած  մարտի  14-ից:

  • Կիսվել: