շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի հազարավոր քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում

Արցախի հազարավոր քաղաքացիներ հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ, մայիսի 9-ի վաղ առավոտից մեկնարկել է հազարավոր արցախցիների երթը՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակված հայ զինվորների հիշատակին:

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքային հուշահամալիր են այցելել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական կառույցների աշխատակիցներ կրթամշակութային հաստատությունների մանկավարժներ, սովորողներ, ուսանողներ ու անհատ քաղաքացիներ, որոնք ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ ու Եղբայրական գերեզմանոցում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական պատերազմում զոհվածների և Արցախյան պատերազմի  նահատակների հիշատակին:
 
Հիշելով պատերազմում նահատակված հերոսների սխրանքը՝ հանուն հայ ժողովրդի գոյատևման, միաժամանակ պետք է ուժ գտնել լծվելու այն աշխատանքին, որը միտված է երկրի, հայ ազգի բարգավաժմանն ու հզորացմանը:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո:
 
«Դրա համար անհրաժեշտ է հոգևոր ու ֆիզիկական ուժերի լարում:Բոլոր հնարավոր ջանքերը պիտի գործադրենք, որպեսզի ազգովի դուրս գանք այս խորը ճգնաժամից: Յուրաքանչյուր ազգի պատմության մեջ կան ողբերգական էջեր, բայց շարունակում է գոյատևել, բարգավաճել ու հզորանալ այն ազգը, որը կարողանում է հաղթահարել  այդ ընկճվածությունը»,-ասաց Բաղունցը՝համոզմունք հայտնելով, որ կգա նաև ազգովի հաղթանակի քառատոն նշելու օրը:

 

  • Կիսվել: