ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի հանրապետությունում շարունակվում են աշնանացանի աշխատանքները

Արցախի հանրապետությունում շարունակվում են աշնանացանի աշխատանքները

Արցախի Հանրապետությունում շարունակվում են աշնանացանի աշխատանքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանն ասաց, որ, ըստ ներկայացված տվյալների, այսօրվա դրությամբ աշնանացանի համար ունեն փաստացի նախապատրաստված շուրջ 14 000 հա հող, որից ցանքս է իրականացվել 8093 հա-ի վրա, այդ թվում՝ ցորենը կազմում է 5131 հա, գարին՝ 2734 հա և տրիտիկալը՝ 228 հա:

«Ներկա դրությամբ Ասկերանի շրջանում է առավել շատ ցանքս իրականացվել՝ շուրջ 3500 հա, բայց այս թվերը փոփոխական են, քանի որ աշխատանքները շարունակվում են:

Նոյեմբերի 19-ի դրությամբ՝ աշնանացանի համար հողօգտագործողներին ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ցորենի սերմ 5087 հա֊ի, գարու սերմ՝ 4310 հա֊ի և տրիտիկալի սերմ՝ 818 հա֊ի համար», - նշեց Վ. Ավետիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ նախորդ տարիների ցուցանիշներին հասնելու համար դեռ շուտ է խոսելը. հույս ունեն, որ կունենան գոհացուցիչ արդյունքներ:

«Եղանակային պայմանները նպաստավոր են, սերմերի խնդիր չունենք, հիմնադրամի կողմից վճարովի հիմունքներով տրամադրվում են նաև պարարտանյութեր, տեխնիկայի լուրջ խնդիրներ նույնպես չենք արձանագրել, հիմնականում խնդիրը եղել է սահմնամերձ հատվածներում, սակայն դա էլ փորձում ենք լուծել խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ», - հավելեց Վ. Ավետիսյանը:

  • Կիսվել: