հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի Հանրապետության հիմնական դպրոցներում ուսուցման պրոցեսն ընթանում է պատշաճ մակարդակով. Նախարար

Արցախի Հանրապետության հիմնական դպրոցներում ուսուցման պրոցեսն ընթանում է պատշաճ մակարդակով. Նախարար

Արցախի Հանրապետության հիմնական դպրոցների 1-9-րդ դասարաններում գործում է պատշաճ մակարդակով հանրակրթություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին պաշտոնավարման 100 օրվա առթիվ կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: «Բոլոր ոլորտներում թերություններ առկա են, սակայն որտեղ կա աշխատանք, այնտեղ թերություններ լինում են»,-ասել է Ա. Հակոբյանը` համոզմունք հայտնելով, որ, շրջանառության մեջ դրված հանրակրթության վերաբերյալ օրենքի փոփոխման դեպքում, հնարավոր կլինի որոշ բարեփոխումներ իրականացնել` հատկապես համընդհանուր ներառականություն ապահովելու գործում:

«Համընդհանուր ներառական համակարգը գործում է մեր կրթական համակարգի բոլոր ուղղություններում: Այս պահին ունենք թերացումներ` կապված մտավոր թերզարգացած և որոշ հիվանդություններով տառապող երեխաներին հանրակրթական դպրոցներում ընդգրկելու ուղղությամբ համապատասխան մասնագետների և հաստիքների բացակայությամբ: Օրենքի ընդունման դեպքում` հնարավոր կլինի լուծում տալ այդ հարցին, քանի որ կնախատեսվի հատուկ դպրոցների առկայություն, որտեղ արդեն ընդգրկված կլինեն այն երեխաները, ովքեր օժտված են հատուկ ընդունակություններով: Այսինքն՝ ներառականությունը չի վերաբերում միայն հիվանդ կամ որոշ արատ ունեցող երեխաներին, այն վերաբերում է բոլորին, հատկապես՝ արտակարգ ունակություններով օժտված աշակերտներին»,-մանրամասնել է նախարարը:

Նա ընդգծել է, որ հայը գենետիկորեն համարվում է աշխարհի խելացի ազգերից մեկը և ունի բավականին առողջ գենոֆոնդ, իսկ դա անուշադրության մատնելն աններելի է։

Ուստի ծրագիրը կյանքի կոչելը Ա. Հակոբյանը համարեց կրթական ոլորտում իր գլխավոր նպատակներից մեկը:

  • Կիսվել: