ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի սահմանային հսկիչ անցակետերում կորոնովիրուսի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքները շարունակվում են

Արցախի սահմանային հսկիչ անցակետերում կորոնովիրուսի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքները շարունակվում են

Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից:

Հաշվի առնելով ՀՀ Պարետի` 2020 թվականի մարտի 31-ի որոշումը` ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

  • բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդներ և մեկական ուղեկցողներ.
  • սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք.
  • անհետաձգելի առողջական խնդիրներով պայմանավորված հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ այցելող անձինք:

Սահմանափակումներից հետո «Աղավնո», «Խարխափուտ» ու «Կովսական» անցակետերով ավտոմեքենաների շարժը նվազել է մոտ 4 անգամ:

ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար Ձև 1-ով կամ Ձև 2-ով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ջերմաչափման նպատակով ապահովվում վերջիններիս ներկայանալը բուժսանիտարական հսկիչ կետեր:

 

ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում` նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար, նվազագույնի հասցնել մարդկանց տեղաշարժը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ:

  • Կիսվել: