հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի ԱԺ-ն ընդունել է բյուջեի փոփոխությունների և լրացումների օրենքը

Արցախի ԱԺ-ն ընդունել է բյուջեի փոփոխությունների և լրացումների օրենքը

Արթուր Թովմասյանի նախագահությամբ մայիսի 27-ին կայացել է ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստը, որն ներկա է եղել 31 պատգամավոր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է 7-րդ գումարման Ազգային ժողովի մինչպատերազմյան և հետպատերազմյան գործունեությունը: Այնուհետև խորհրդարանն անցել է նիստի օրակարգային հարցերի քննարկմանը:

Ըստ աղբյուրի՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Պաշտպանը պարզաբանումներ է տվել պատգամավորների բարձրացրած հարցերին:

ԱՀ ԱԺ-ից հայտնում են, որ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նշել է, որ օրինագծի վերաբերյալ եղել է մեկ առաջարկություն, որն էլ ընդունվել է հեղինակի կողմից: «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրինագիծը 22 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է որպես օրենք:

«Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը:

Օրինագիծը գլխադասային հանձնաժողովում արժանացել էր հավանության: Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը իր ելույթում հավելել է, որ հանձնաժողովի նիստում եղել են առաջարկություններ, որոնցից 2-ը ընդունվել և ներառվել են օրինագծում առաջարկվող փոփոխությունների մեջ:Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հնչեցրած հարցերին: 20 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքի նախագիծը ընդունվել է որպես օրենք:

ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը ներկայացրել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը գլխադասային հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության:

28 կողմ ձայնով օրինագիծը նույնպես ընդունվել է որպես օրենք:

«Ընդմիջումից հետո ԱՀ պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանել և պարզաբանումներ է տվել պատգամավորների բարձրացրած հարցերին:

Այնուհետև Արթուր Հարությունյանը ներկայացրել է օրինագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո օրինագծի շուրջ մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը և «Ազատ հայրենիք –ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Քվեարկության արդյունքներով «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 23 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արցախի ԱԺ-ի տեղեկացմամբ՝ հաջորդիվ «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր:

Արժանանալով գլխադասային հանձնաժողովի հավանությանը՝ օրենքի նախագիծը 23 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է որպես օրենք:

Նիստի եզրափակիչ փուլում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանը:

 

  • Կիսվել: