ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախի առողջապահության նախարարությունում  ստեղծվել է շուրջօրյա հերթապահություն

Արցախի առողջապահության նախարարությունում ստեղծվել է շուրջօրյա հերթապահություն

Ընթացիկ տարվա հունվարի վերջից Արցախում գործում է օպերատիվ շտաբ, որը ղեկավարում է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Այս մասին  փետրվարի 27-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունից հետո, լրագրողների հետ զրույցում  ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը: Խորհրդակցությունը նվիրված էր հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին։

Նախարարի խոսքով՝ Արցախում, սեզոնի հետ կապված, արձանագրվել է սուր շնչառական հիվանդությունների աճ:

«Մեր բնակչությանը տեղեկացնում ենք, որ պարբերաբար ԱՀ-ից նմուշառումներ ենք ուղարկում ՀՀ և մինչ այսօր կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել Արցախում»,-նշել է նախարարը:

Խորհրդակցության ժամանակ ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել պատկան մարմինների ղեկավարներին:

Առողջապահության նախարարը նշել է, որ իրենց կառույցը կհամալրվի անհրաժետ դեղորայքով, բժշկական պարագաներով, ինչպես նաև այսօրվանից ստեղծվել է շուրջօրյա հերթապահություն, որպեսզի անցակետերում ավելի ուժեղ հսկողություն իրականացվի:

«Հանրապետությունում սուր շնչառական վարակների դեպքերը սկզբնական շրջանում գրանցվել էին Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում, որտեղ դպրոց հաճախող 110 աշակերտից հիվանդ էր 40-ը: ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ քննարկումից հետո համատեղ տարբեր օրերի իրականացրել ենք մոնիթորիգներ և դպրոցները փակելու որոշում կայացրել: Ներկայումս 232 դպրոցներից և 8 մանկապարտեզներից փակ են ավելի քան 90-ը: Հիվանդների մեծ մասը երեխաներ են, որոնք ունեին բարձր ջերմություն: Ներկայումս հանրապետությունում նկատելի է հիվանդության դեպքերի նվազում»,-ավելացրել է նախարարը:

Խոսելով հանրապետության դեղատներում դիմակներ չլինելու մասին՝ Ա. Բաղրյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտի կարի ֆաբրիկան արտադրելու է անհրաժեշտ քանակությամբ դիմակներ, որոնք, անհրաժեշտության դեպքում, տրամադրվելու են քաղաքացիներին:

 

  • Կիսվել: