կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղերձը

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ուղերձը

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը մայիսյան տոների առթից ուղերձ է հղել, որում ասվում է․

«Դարերի ընթացքում բազմաթիվ վառ հաղթանակներ ենք ունեցել մայիս ամսին:

Արդի շրջանում, որպես Կարմիր բանակի մի մաս, մենք ևս կարևոր մասնակցություն ենք բերել համաշխարհային չարիք ֆաշիզմի ջախջախմանը:

Ադրբեջանի կողմից սանձազերծված առաջին պատերազմը միավորել է աշխարհասփյուռ հայությանը, և հավաքական ուժերով՝ բազմադարյա կորուստներից հետո, ազատագրվել է պատմական Հայրենիքի մի մասը: Կազմավորվել է Արցախի Պաշտպանության բանակը՝ երկրի անվտանգության երաշխավորը, որի անցած հաղթական ուղին բոլորիս հպարտության առարկան է։

 

2020 թվականին Ադրբեջանի հրահրած հերթական պատերազմը, ցավոք, պատճառեց շատ զոհեր՝ առաջացնելով ֆաշիստական պանթյուրքիզմի գաղափարի կենսագործման իրական վտանգ։ Այդ սպառնալիքն ուղղված է հայի հետքը հայի հողից վերացնելուն, բայց ապագայի հանդեպ ամուր հավատքով և Արցախի նկատմամբ անմնացորդ սիրով շարժվում ենք առաջ։

Մեր հաղթական անցյալը սերունդների համար ուղենիշ դարձնելով՝ մայիսյան Եռատոնի օրը պարտավորվում ենք իրականացնել Հայրենիքի զորացմանն ուղղված այնպիսի քայլեր, որոնք նաև հայի հաղթական ոգին են վերականգելու։

Բազկի ո՛ւժ ապրող զինվորներին, փա՛ռք և պատի՛վ Մեծ Հայրենականում և Արցախյան ազատամարտերում նահատակված մարտիկներին:

Շնորհավո՛ր Մայիսի 9»։

  • Կիսվել: