շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին եւ պատրաստ ենք ապահովել մեր նախագահի անվտանգությունը. Արցախի թեմի առաջնորդ

Արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին եւ պատրաստ ենք ապահովել մեր նախագահի անվտանգությունը. Արցախի թեմի առաջնորդ

44-օրյա պատերազմի ժամանակ Բաքուն Արայիկ Հարությունյանի և մի շարք հայ գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց։ Իսկ օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ձերբակալել Արցախի նախագահին, որպես ռազմական հանցագործի։ Որին ի պատասխան, ի աջակցություն իրենց նախագահին արցախցիները սոցցանցերում կիսվում են Արայիկ Հարությունյանի նկարով՝ կից գրելով. «Մենք՝ բոլորս Արայիկ Հարությունյան ենք»։

Ադրբեջանական հերթական զառանցանքի վերաբերյալ «Իրավունքը» մեկնաբանությունը է խնդրել Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

-Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է եւ պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը, որպես հայկական վերացնի: Եվ պատահական չէ գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը եւ վերջապես պետական այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը: Որովհետեւ ի դեմս Արցախի պետության` Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը: Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով ԱՀ նախագահին Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս:

Ես որպես արցախցի, որպես հայ, որպես հոգեւորական դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները: Ի գիտություն Ադրբեջանի` արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին եւ պատրաստ ենք ապահովվել մեր նախագահի անվտանգությունը:

 

  • Կիսվել: