շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախցիների կարիքների գնահատման ծրագիրը շուտով կմեկնարկի

Արցախցիների կարիքների գնահատման ծրագիրը շուտով կմեկնարկի

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, Արցախում ընտանիքների կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր իրականացնելու նպատակով, գործընկերային հիմունքներով աշխատանքի էր հրավիրել կամավորականների: Այս մասին տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարությունից:

՛՛Պատրաստակամություն հայտնածներն արդեն եռօրյա դասընթացների են մասնակցում՝ դրա ավարտից անմիջապես հետո ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար:

Այսօրվա դասընթացին ներկա է գտնվել նաև Արցախի սոցիալական գերատեսչության ղեկավար Մանե Թանդիլյանը, ով, ողջունելով մասնակիցներին, իր խոսքում անդրադարձել է սոցիալական աշխատողների նշանակալի դերակատարությանը հետպատերազմական երկրում իրականացվող այս ծրագրի մեջ՝ միաժամանակ շեշտելով, որ դասընթացին ներկա մասնակիցներից յուրաքանչյուրն էլ թեև անձամբ կարիք ունի ապրած իրականության հետևանքները հաղթահարելու, բայց լծվել է հանրօգուտ աշխատանքի՝ հասցեական և նպատակային քայլերի միջոցով առարկայական դարձնելու արցախցիների սոցիալական բարեկեցությանն ուղղված անելիքները:

Դասընթացները վարում են ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և ԵՊՀ սոց.աշխատանքի և սոց. տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը:

Դասընթացի ավարտից հետո, կամավորականները, ձեռք բերած գիտելիքները կիրառելով, արցախցիների կարիքների գնահատման ծրագրի շրջանակներում Արցախի բնակավայրերում կանցնեն սոցիալական աշխատողի՝ իրենց պարտականություններին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: