Արցախցի սամբիստները հաղթանակով են վերադարձել ՀՀ-ում կայացած առաջնությունից
Արցախցի մարզիկների թիմը առաջին պատվավոր հորիզոնականն է գրավել՝ հուլիսի 13-15-ը Արտաշատ քաղաքում մասնակցելով փոքր տարիքայինների սամբոյի թիմային բաց առաջնությանը ։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ստեփանակերտում գործող «Ադամյան» սամբո ակումբի մարզիչ Արմեն Ադամյանը՝ մանրամասնելով, որ թիմում ընդգրկված էր 12 մարզիկ՝ մինչև 11 տարեկան:

«Առաջնությունում, որին մասնակցում էր ընդհանուր հինգ թիմ՝ այդ թվում նաև Երևանից, Արտաշատից ու Չարենցավանից, գրավել ենք առաջին հորիզոնականը: Մեր թիմը համալրվել էր ակումբի նոր սաներով, որոնք ընդամենը 5-6 ամիս է, ինչ հաճախում են պարապմունքների»,- ասել է Ա. Ադամյանը, և ավելացրել, որ հաղթանակը ոգևորել է երեխաներին։
Թիմի կազմում ընդգրկված՝ յոթ տարեկան սամբիստ Մանվել Երեմյանն առաջին անգամ է մասնակցում մրցույթի․ վերադարձել է ոսկե մեդալով ու պատվոգրով։

«Երեք փուլում էլ հաղթանակ եմ տարել: Դժվար չի եղել, կցանկանայի էլի մասնակցել»,-անկեղծացել է յոթամյա մարզիկը:
«Ադամյան» սամբո ակումբի մարզչի հաղորդմամբ՝ ներկայում պատրաստվում են Հայաստանի առաջնությանը, որը կկայանա ընթացիկ տարվա օգոստոսին :