երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախցի Մհեր Համբարձումյանը Երևանում կայացած օլիմպիադայի հանրապետական փուլում պատմություն առարկայից գրավել է առաջին տեղը

Արցախցի Մհեր Համբարձումյանը Երևանում կայացած օլիմպիադայի հանրապետական փուլում պատմություն առարկայից գրավել է առաջին տեղը

Շուշիի Դ. Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մհեր Համբարձումյանը Երևանում կայացած առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում պատմություն առարկայից գրավել է առաջին տեղը՝ արժանանալով առաջին կարգի դիպլոմի: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Մհերը ԱՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից է: Պատերազմից հետո գյուղն անցել է  թշնամու վերահսկողության տակ։ Մհերի ընտանիքը բնակություն է հաստատել Ստեփանակերտում։ Նա հաճախում է  Ստեփանակերտում վերաբացված՝ Շուշիի Դ. Ղազարյանի անվ. երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցը: Եվ հենց այստեղ պատմության ուսուցչուհի Զինա Գասյանն առաջին իսկ օրվանից նկատել է պատանու ունակություններն ու ուսման հանդեպ անհագ ձգտումը։ Առաջարկել է միասին անցնել բարդ ու հետաքրքիր մի ճանապարհ, որի  հաջող վերջնարդյունքը լինելու էր հաղթանակն օլիմպիադայում։

Պատանին երազանք ունի՝  դառնալ միջազգային իրավունքի մասնագետ : «Մեր օրերում շատ են օրենքներ խախտվում, և ոչ միայն առանձին մարդկանց, այլև ամբողջ ժողովուրդների։ Դրա համար էլ որոշել եմ միջազգային իրավաբան դառնալ»,- ասում է  Մհերն ու հավաստիացնում, որ  նպատակին հասնելու համար   ամեն օր աշխատում է: «Յուրաքանչյուր ոք իր գործը պիտի սիրի ու լավ անի, որ կարողանա հայրենիքին օգտակար լինել։ Հայրենասիրությունը գործով պետք է  ապացուցել»,- ինչն էլ անում է Մհերը՝ առայժմ լավ սովորելով։

  • Կիսվել: