երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցի բուժքույրը՝ հիվանդության պատճառով Երևան տեղափոխվելու, պատերազմի և նոր աշխատանքի մասին

Արցախցի բուժքույրը՝ հիվանդության պատճառով Երևան տեղափոխվելու, պատերազմի և նոր աշխատանքի մասին

2023թ. սեպտեմբերի 24-ից հետո Արցախից բռնի տեղահանվելով՝ արցախցիները կանգնել են բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների առջև, որոնցից հատկապես խոցող է զբաղվածության ապահովումը: Հայաստանում հաստատվելով՝ մի մասին հնարավոր է եղել մասնագիտական աշխատանք գտնել: Մասնագիտական աշխատանքով է ապահովվել նաև Արցախից բռնի տեղահանված, ավագ բուժքույր Արմինե Ադամյանը: Արմինեն աշխատում էր Արցախի Հանրապետական բժկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայության բաժնում:

«Օնկոլոգիայում աշխատել եմ շուրջ 22 տարի: Այդ տարիների ընթացքում իմ գործընկերներն ինձ համար ընտանիք դարձան: Մեր տնօրենը եղել է բժիշկ Հայրիյանը, որ այստեղ օգնում է բոլորին՝ աշխատանք գտնելու հարցում: Հիվանդանոցում բավականին լավ պայմաններ կային, դեղորայքի պակաս մինչև բլոկադան չենք ունեցել, իսկ բուժումն ու հետազոտություններն անվճար են եղել»,- Armlur.am-ի հետ զրույցում պատմում է արցախցի բուժքույրը:

Պատերազմի ժամանակ կատարած իրենց աշխատանքների մասին Արմինեն դժվարությամբ է խոսում, ասում է վիրավորներ շատ ունեին, հատկապես երբ կիրառվեց ֆոսֆորային զենքը 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Շատ ցավոտ է նորից վերհիշել պատերազմի օրերը: Հատկապես շատ ցավով եմ հիշում ֆոսֆորային զենքից վիրավորված մեր տղաներին: Ծանր օրեր էին՝ ամեն վիրավորի հետ վիրավորվում էինք, բուժվողի հետ՝ բուժվում: 44-օրյա պատերազմի ժամանակ, որպեսզի ավելի հանգիստ լինեմ, երեխաներիս ուղարկեցի Երևան, իսկ ես մնացի հիվանդանոցում՝ իմ ծառայությունը կատարելու: Այդպես ավելի հանգիստ էի ու կենտրոնացված: Ամեն ինչ շատ կազմակերպված է եղել: Այդ օրերին մեզ շատ են օգնել նաև Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից եկած մեր գործընկեր-բժիշկները»,- ասում է Արմինե Ադամյանը:

Արմինեն պատմում է, որ մինչև Արցախի շրջափակումը լինելն իր մոտ ուռուցք է հայտնաբերվել և բուժվելու համար ուղեգրել էին Երևան: Որոշ ժամանակ անց, հասկանալով, որ բլոկադան կարճ չի տևի, դիմեց Կարմիր խաչի օգնությանը և մեծ դժվարությամբ հասավ Արցախ:
«Երբ սկսվեց բլոկադան արդեն Երևանում էի, մտածում էի, որ հերթական ադրբեջանական սադրանք է և կարճ կտևի, բայց շաբաթը շաբաթներ դարձան, իսկ շաբաթները՝ ամիսներ: Դիմեցի Կարմիր խաչի օգնությանը և որոշ ժամանակ անց, ուրալով, ինձ և մյուսներին տեղափոխեցին Արցախ: Հետո Կարմիր խաչի միջոցով նորից գնացի Երևան՝ հետազոտության: Սեպտեմբերի 19-ին խոսեցի աղջկաս հետ, ասաց, որ ամուսինը հերթափոխից չի եկել՝ դիրքերում լարված է, համար մեկ են տվել: Ժամեր անց իմացա պատերազմի մասին: Ինձ կորցրած մենակ գոռում, լացում էի, մեղադրում էի ինձ, որ Երևանում էի գտնվում»,- ասում է Արմինեն:

Միայն օրեր անց Արմինեն կարողացավ կապ հաստատել աղջկա և գործընկերների հետ: Գործընկերներից էլ տեղեկացավ իրական վիճակից. «Զարմացա, երբ փորձեցի ու տեսա, որ զանգերը գնացին: Գործընկերուհուս առաջին խոսքը եղել է էս կռիվը 44-օրվա նման չի, էս ուրիշ բանա: Հետո եղավ պայթյունը, որից սարսափելի դեպքեր են պատմել»,- հիշում է Արմինեն:

Արցախցի բուժքույրն ասում է, որ բժիշկ Հայրիյանի խորհուրդով ու աջակցությամբ Երևանում արդեն աշխատանք է գտել: Հիմա աշխատում է Երևանի Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցում:

«Երբ հարազատներս եկան, աչքիս էլ ոչինչ չէր երևում: Առաջին օրերին ոչ տուն գտնելու, ոչ էլ աշխատանքի մասին ընդհանրապես չէի մտածում: Բոլորով դեռ շոկի մեջ էինք՝ չգիտենք ինչ է կատարվել, ինչու ենք բոլորով Երևանում: Հետո կամաց-կամաց սկսեցինք ուշքի գալ և ավելի ռեալ նայել իրադարձություններին: Սկսեցինք վարձով տուն փնտրել՝ գտանք, հետո էլ աշխատանքով սկսեցինք հետաքրքրվել: Բժիշկ Հայրիյանն է աշխատանք առաջարկել արյունաբանական կենտրոնում: Գնացի ու շատ ջերմ ինձ ընդունեց բժիշկ Դավիթ Զորաբյանը: Խորհուրդ տվեց, որ ընդունեմ աշխատանքը և շարունակեմ մասնագիտական աշխատանքս: Համաձայնվեցի և չեմ ափսոսում: Այստեղ ինձ բոլորը հարազատի պես են ընդունել»,- ասում է Արմինե Ադամյանը:

 

Արցախցի բուժքույրն ասում է դեռ հույսով է, որ Արցախ կվերադառնա: Հիմա միայն փորձում է առաջնային անհրաժեշտ խնդիրները լուծել և ձգտել՝ հույսն ու հավատը չկորցնել հայրենի հողը վերադառնալու:

  • Կիսվել: