ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախցի ավելի քան 24 հազար երեխա չի հաճախում դպրոց. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները

Արցախցի ավելի քան 24 հազար երեխա չի հաճախում դպրոց. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տուժում են նաև երեխաները. հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ։ Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ՝ Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ:

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ-ի Մարտակերտ քաղաքի իրենց տնից հեռանալու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 13-ամյա մեկ տղա, որը 5 օր մնացել է կոմայի մեջ։ ԱԹՍ-ն հարվածել էր մեքենային, ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ ունեն: Հոկտեմբերի 14-ին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում դարձյալ ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման հետևանքով վիրավորվել է 14 տարեկան ևս մեկ տղա:

Մեծապես վտանգված է նաև երեխաների կրթության իրավունքը։ Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախում ուսումնական բոլոր հաստատություններն անորոշ ժամանակով փակվել են։ Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա չի հաճախում դպրոց` չունի կրթության իր իրավունքն իրացնելու հնարավորություն: Պատերազմական վիճակով պայմանավորված՝ Հայաստանի տարբեր մարզերի սահմանամերձ 119 համայնքների ավելի քան 10815 երեխա սեպտեմբերի 27-ից սկսած զրկված է առկա ուսուցման հնարավորություններից։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս համայնքների դպրոցները, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կազմակերպել են հեռավար դասեր։ Հազարավոր երեխաներ նույն համայնքներում չեն կարողանում մանկապարտեզ հաճախել:

  • Կիսվել: