հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ. խոսնակը հիշեցրել է ԱՀ նախագահի հրապարակած դրույթները

Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ. խոսնակը հիշեցրել է ԱՀ նախագահի հրապարակած դրույթները

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը InfoPort.am-ի հետ զրույցում բրյուսելյան եռակողմ հանդիպման համատեքստում անդրադարձել է ԱՀ ճակատագրի վերաբերյալ հնչող հայտարարություններին և  հիշեցրել 2021 թվականի դեկտեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը:

Մասնավորապես՝ նա մեջբերել է.՛՛Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։

Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր՛՛։

Ավանեսյանը հավելել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և մի քանի անգամ արտահայտվել է:

Բացի այդ, ըստ Ավանեսյանի, Արցախի իշխանությունն իր քաղաքականությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին և մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։

  • Կիսվել: