ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանը գծեց սահմանը

Արայիկ Հարությունյանը գծեց սահմանը

Մարտի 25-ն Արցախի նախագահի թեկնածու եւ Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանի քարոզարշավի վերջին օրն է:

Նա հայտարարել է, որ դադարեցնում է ընտրողների հետ հանդիպումները նաեւ բացօթյա տարածքներում: Այլ թեկնածուների կողմից համանման հայտարարություն չի հնչել, նրանց աջակիցները տեղեկացնում են հաջորդ օրերին նախատեսված հանդիպումների մասին:

Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը՝ ընդունված է, որ քվեարկության համար վճռորոշ են քարոզարշավի հատկապես վերջին օրերը: Այս իմաստով Արայիկ Հարությունյանի որոշումը սահմանային է, նա ապացուցեց, որ իր եւ թիմակիցների համար ավելի կարեւոր է մարդկանց առողջությունը եւ ինչ-որ առումով գնաց զոհողության:

Հանրությունը պետք է ըստ արժանվույն գնահատի Արայիկ Հարությունյանի այդ վճռական քայլը: Բայց առաջին արձագանքը պետք է հետեւեր նրա մրցակիցների շրջապատից: Մանավանդ որ ոմանք մինչ այդ խոսում էին Արցախում արտակարգ դրություն հայտարարելու եւ ընտրությունները չեղյալ հայտարարելու անհրաժեշտությունից՝ շեշտը դնելով մարդկանց առողջությունը խնայելու հրամայականի վրա:

Ինչպես տեսնում ենք, դրանք միայն պոպուլիստական հայտարարություններ էին: Հակառակ դեպքում նախագահի թեկնածուներից առնվազն երկուսը՝ Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը, կարձագանքեին Արայիկ Հարությունյանի նախաձեռնությանը: Դա, ցավոք, տեղի չունեցավ:

Նրանք մինչեւ վերջին օրը կշարունակեն նախընտրական հանդիպումները, կպայքարեն հավելյալ քվեների համար: Իրավիճակն, այսպիսով, սահմանային է: Մի կողմում քարոզարշավը փաստացի դադարեցրած Արայիկ Հարությունյանն է, մյուսում՝ նրանք, որ քաղաքական նպատակահարմարությունը գերադասում են, ձեւակերպենք այսպես՝ ասպետականությանը: Հանրությունը տեսնում է ամեն ինչ: Եւ, ամենայն հավանականությամբ, մարտի 31-ի քվեարկությամբ կֆորմալացնի Արայիկ Հարությունյանի գծած սահմանը:

  • Կիսվել: