ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ազատ հայրենիք» կուսակցության առաջարկությունները` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված պայքարում

«Ազատ հայրենիք» կուսակցության առաջարկությունները` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված պայքարում

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է առաջարկություններն կապված կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված պայքարում.

1. Արցախի Հանրապետության իշխանություններին հորդորում ենք չհապաղել վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելող աշխատանքների կազմակերպման հարցում՝ կիրառելով պետական համապատասխան մեխանիզմները և հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին:

2. Պետական իշխանությունները պետք է պլանավորեն բոլոր հնարավոր սցենարները՝ պատրաստ լինելով ոչ միայն առողջապահական առումով, այլ նաև վերացնել կամ գոնե մեղմացնել այս իրավիճակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների համար:

3. Այս իրավիճակում պետական պատկան մարմինները պետք է համապատասխան միջոցներ ձեռք առնեն նաև ընտրությունների օրը քաղաքացիների պատշաճ անվտանգությունը երաշխավորելու և ռիսկերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ:

4. «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն իր պատրաստակամությունն է հայտնում հնարավորինս աջակցել պետական մարմիններին ու հանրությանը արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և պատշաճ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու գործում:

5. Ներողություն ենք խնդրում մեր բոլոր այն հայրենակիցներից, ում հետ պլանավորված հանդիպումները ստիպված ենք չեղարկել կամ փոխել ձևաչափը: Հանուն մարդկային կյանքի ու առողջության մենք պարտավոր ենք նեղություն տալ ինքներս մեզ: Ի դեպ, իրավիճակով պայմանավորված՝ սահմանների փակման և դրա հնարավոր երկարաձգման դեպքում, ապահովված ենք էներգետիկ և պարենային բավարար ռեսուրսներով, ինչը իմ՝ գործադիր իշխանության ղեկավարման տարիների կարևորագույն ձեռքբերումն եմ համարում: Հավաստիացնում եմ, որ նմանատիպ գրեթե ֆորսմաժորային իրավիճակներում անգամ Արցախի զարգացման մեր ներկայացրած հավակնոտ ծրագիրը ձախողման վտանգ չի պարունակում, և մեր հայրենիքի բարեկեցիկ ապագան կերտելու համար ունենք բոլոր հաշվարկված քայլերի սցենարները:

  • Կիսվել: