հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առատ ձյան պատճառով Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Առատ ձյան պատճառով Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Առատ ձյան տեղումների պատճառով Արցախի հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Արցախի ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60սմ):

Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սառնաղբյուր, Սարուշեն և Քռասնի համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80սմ):

Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60սմ) իսկ Կիչան-Չլդրան Խաչեն միջշրջանային որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մաքրման աշխատանքներ են կատարվում Մարտունու շրջանի Ավդուռ, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Մյուրիշեն և Մուշկապատ համայնքներում (ձյան շերտը՝ 1-1,5մ): Դժվարանցանելի է Նոր Շեն, Պառավաթումբ, Կավահան, Մսմնա, Կաղարծի և Հաղորտի համայնքների ճանապարհները:

Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների մարդատարների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը ևս փակ է: ՆԳ նախարարությունը հորդորում է՝ Եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

  • Կիսվել: