չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առանց Արցախի անհնարին է որևէ առաջընթաց բանակցություններում. Շավարշ Քոչարյան

Առանց Արցախի անհնարին է որևէ առաջընթաց բանակցություններում. Շավարշ Քոչարյան

Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ ուզում է երկու հարցադրում անել. ինչո՞ւ երկար տարիներ շարունակվող բանակցային գործընթացը՝ հեղինակավոր միջնորդների, ՄԱԿ ԱԽ 3 անդամների մասնակցությամբ, առաջընթաց չունեցավ։

Երկրորդ՝  ինչո՞ւ անթերի իրացված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վերածվեց արյունալի հակամարտության։

«Իրականում մենք ունենք արդյունք բանակցային գործընթացում։ Դա 1994 թվականի մայիսի հրադադարի համաձայնագիրն է։ Դրա ստորագրումը հնարավոր դարձավ Արցախի և Ադրբեջանի միջև  ուղղակի բանակցությունների արդյունքներով, պատրաստվեց փաստաթուղթ, որին միացավ Հայաստանը»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Նա նշեց, որ կա փաստաթուղթ, որում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն իր ձեռքով գրել է՝ լիազորելով իրենց խորհրդարանի  փոխնախագահին հանդիպել Արցախի համապատասխան պաշտոնյայի հետ և նախատապատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։

«Փաստաթուղթը կազմվել է ռուսերեն, և այնտեղ օգտագործվում է «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ Հեյդար Ալիև։ Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, առնվազն Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես բանակցային կողմ և  տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել»,- փաստել է Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ քանիԱդրբեջանը խուսափում է Արցախի հետ ուղղակի բանակցություններից և ձևացնում է, թե այնպիսի սուբյեկտ, ինչպիսին Արցախն է, ուրեմն չի ցանկանում որևէ առաջընթաց բանակցություններում։ «Առանց Արցախի անհնարին է որևէ առաջընթաց բանակցություններում։  Ոչ ոք լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք գտնվում են Արցախի անմիջական իրավասության ներքո, մասնավորապես,  Արցախի տարածքային ամբողջականության մասին»,- ընդգծեց նախարարը։

 Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա, ըստ Շավարշ Քոչարյանի,  անգամ Արցախի իշխանություններն են սահմանափակված ժողովրդի կամքով և հանրաքվեով։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բանակցությունների անվան տակ քարոզչական պատերազմ է վարում, որպեսզի փորձի ապացուցել միջազգային հանրությանը, թե Հայաստանի հետ հակամարտությունը վերաբերում է տարածքային վեճին։ «Բայց փաստերը վկայում են հակառակը, վերը նշված համաձայնագիրը դրա վկայությունն է»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը։

Ըստ նրա՝ հակամարտության պատճառն այն է, որ Ադրբեջանն իրականում չի ցանկանում բանակցություններ և փոխզիջումներ՝ ընդունելով միայն ուժը։ Արցախցիների խաղաղ ձգտումներին Ադրբեջանը պատասխանել է բարբարոսական գործողություններով, որոնք հակասում են քաղաքակրթության մասին պատկերացումներին՝ հայերի ջարդը Սումգաիթում, Բաքվում, Գուրգեն Մարգարյանի սպանությունը, ապրիլյան պատերազմը, որի ընթացքում ընդամենը 4 օրում իրականացվեցին այնպիսի բարբարոսական գործողություններ, որոնք բնորոշ են ծայրահեղ արմատական խմբավորումներին։

  • Կիսվել: