կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաջիկա ամիսներին կորոշակիացվեն ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու խնդրի լուծման որոշումները. փոխվարչապետը մանրամասնում է

Առաջիկա ամիսներին կորոշակիացվեն ԼՂ-ից տեղահանվածներին բնակարանով ապահովելու խնդրի լուծման որոշումները. փոխվարչապետը մանրամասնում է

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի մի մասը դեռևս ունի կարճաժամկետ աջակցության բնույթ, սակայն դրանց նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ապահովության զգացում փոխանցելն է, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց ապագան կառուցեն այստեղ, և երկարաժամկետ պլանները կապեն այդ հեռանկարի հետ: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ըստ փոխվարչապետի՝ առաջիկա տարվա հիմնական անելիքն առավելապես ուղղված է լինելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների աշխատանքի և բնակարանային խնդիրների լուծմանը: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են զբաղվածության մասով վերապատրաստումներ, ինչպես նաև ձեռնարկատիրական աջակցության տարբեր ծրագրեր իրականացնել, որոնք հնարավորություն կտան ոչ միայն գտնել աշխատանք, այլև զբաղվել ձեռնարկատիրությամբ և ունենալ սեփական աշխատանքով բարեկեցություն ստեղծելու հիմք:

«Առանձնահատուկ որոշում է պահանջում բնակարանային ապահովման հարցը, որի ուղղությամբ նույնպես աշխատանքներ տարվում են: Այս հարցում լուծումներն ամենադժվարն են և պահանջում են շրջահայացություն:

Կարևոր է, որ մեր հայրենակիցներն ունենան պետության զգալի աջակցություն, և այդ հիմքով գտնեն խնդրի երկարաժամկետ լուծումը: Սա բյուջետային ծախսերի տեսանկյունից ամենադժվար լուծելի հարցն է, և արդյունավետ լուծում գտնելու նպատակով մենք խորհրդակցում ենք ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ բարեգործական և հասարակական մի շարք փորձառու կազմակերպությունների հետ: Առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում նախատեսում ենք ամփոփել այս կարևոր խնդրի վերաբերյալ բոլոր գաղափարները և որոշակիացնել մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդրի լուծման վերաբերյալ որոշումները»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

  • Կիսվել: