կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ապրիլի 14-ին ընդառաջ

Ապրիլի 14-ին ընդառաջ

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը կանխատեսում էր, որ Արայիկ Հարությունյանը կհաղթի նախագահական ընտրությունների առաջին փուլում: «Մարտի 25-ին նա դադարեցրեց նախընտրական հանդիպումները՝ զգուշանալով կորոնավիրուսի տարածման վտանգից: Մրցակիցները, որ ընտրությունները հետաձգելու պահանջ էին ներկայացնում, չընդառաջեցին, շարունակեցին հանդիպումներն ընտրողների հետ:

Ընդունված է, որ քվեարկության վերջնարդյունքի առումով քարոզարշավի վերջին օրերը կարեւոր են: Առաջին փուլում հաղթանակ տոնելու համար Արայիկ Հարությունյանին չհերիքեց ընդամենը վեց-յոթ հարյուր քվե: Դեր խաղաց նաեւ նախագահի թեկնածուների աննախադեպ քանակը: Այսօր դեռ դժվար է ասել՝ ովքե՞ր էին անկեղծ մրցապայքարի մեջ մտել, ովքե՞ր էին ներդրված, բայց հավանական է, որ եթե քվեարկվեին Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը, ապա ընտրությունները կավարտվեին մեկ փուլով եւ առաջինի տպավորիչ հաղթանակով:

Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը գրեթե երկու անգամ ավելի քվե է ստացել, քան նրա գլխավորած «Արդարություն» կուսակցությունը: Մասիս Մայիլյանի դեպքում այդ տարբերությունը շատ ավելի մեծ է: Իսկ Արայիկ Հարությունյանի եւ Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքի ստացած ձայների տարբերությունը շուրջ 9 տոկոս է: Սա վկայում է, որ նախագահի միակ քաղաքական թեկնածուն Արայիկ Հարությունյանն է:

Նրա գլխավորած դաշինքը նոր Ազգային ժողովում կունենա 16 մանդատ: Մասիս Մայիլյանի քաղաքական թիմը խորհրդարանում ներկայացված չի լինի, իսկ Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցությանը բաժին է ընկել ընդամենը 3 մանդատ: Այն դեպքում, երբ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը համակիրներին հորդորել է ապրիլի 14-ին առաջնորդվել սեփական խղճի թելադրանքով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գլխավոր ինտրիգն այն է, թե ձայների ի՞նչ հարաբերակցություն կունենանք:

Ըստ այդմ, պարզ կլինի՝ Մասիս Մայիլյանն ունի՞ հետագա քաղաքական գործունեություն ծավալելու ռեսուրս, թե՞ ոչ: Առհասարակ ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր: Որոշակի քանակի քվեներ ստացել են Արցախի հեղափոխական, Ազգային վերածնունդ եւ Արցախի պահպանողական կուսակցությունները եւ «Նոր Արցախ» դաշինքը: Կմիավորվե՞ն այդ ուժերը: Արցախում իշխանության հարցը կարելի է լուծված համարել: Մնում է ունենալ ինստիտուցիոնալ ընդդիմություն, որպեսզի քաղաքական համակարգը հավասարակշռվի»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: