«Ապրելու Արցախ». Աշոտ Բեգլարյան
«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ը հյուրընկալել է գրող, լրագրող և թարգմանիչ Աշոտ Բեգլարյանին։
Աշոտ Բեգլարյանն, ավարտելով Երևանի պետական համալսարանը, 1992 թվականին մերժեց ՀՀ մայրաքաղաքում մնալու ու աշխատելու առաջարկը և վերադարձավ հայրենիք, որտեղ ընթանում էին թեժ մարտեր: «Իսկույն անդամագրվել եմ կամավորական ջոկատին և մեկնել առաջնագծի ամենադժվար հատվածներից մեկը՝ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ուղղությամբ, որտեղ ինքնապաշտպանական մարտերի ընթացքում ծանր վիրավորվել եմ: Ապաքինվելուց հետո սկսել եմ զբաղվել լրագրությամբ. սկզբից որպես «Գոլոս Արմենիի»֊ի սեփական թղթակից Ստեփանակերտում՝ լուսաբանել եմ իրադարձությունները առաջնագծում, ինչպես նաև Արցախի պետականության կայացման գործընթացը, հանրապետության քաղաքական, հասարակական կյանքը: Թղթակցել եմ մի շարք առաջատար հայկական, ռուսական և արտասահմանյան այլ լրատվամիջոցներին՝ ներկայացնելով Արցախի իրողությունները միջազգային հանրությանը: Տարբեր երկրներում տպագրված 10 գրքի հեղինակ եմ: Այս գրքերի հիմնական թեմաներից են հայրենասիրությունը և նվիրվածությունը ազգային արժեքներին: Մոտ 15 տարի աշխատել եմ ԱՀ արտաքին գործերի նախարարությունում՝ դիվանագիտական ճակատում պաշտպանելով Արցախի շահերը», - մեզ հետ զրույցում նշեց Ա. Բեգլարյանը:
