շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անընդունելի է, երբ միջադեպի բոլոր հանգամանքներն  անպատասխանատու և չափազանց վտանգավոր վարքագծի շնորհիվ հանրայնացվում են. ԱՀ դատախազություն

Անընդունելի է, երբ միջադեպի բոլոր հանգամանքներն անպատասխանատու և չափազանց վտանգավոր վարքագծի շնորհիվ հանրայնացվում են. ԱՀ դատախազություն

ԱՀ իրավապահ մարմինները պարբերաբար բախվում են մի իրավիճակի, երբ տարբեր քաղաքացիներ ու լրատվամիջոցներ սոցիալական ցանցերում կամ զանգվածային լրատվամիջոցներով անում են հայտարարություններ, ներկայացնում տեղեկություններ, որոնք տվյալ փուլում հրապարակելը, մեղմ ասած, նպատակահարմար չէ:

Այս մասին ասված է ԱՀ դատախազության տարածած հայտարարության մեջ։

«Ուղղակի անբացատրելի է այն իրավիճակը, երբ Ադրբեջանը հրաժարվում է հայկական կողմին տրամադրել Արցախի Հանրապետության քաղաքացիների սպանություն և արցախահայության նկատմամբ ահաբեկչություն կատարած անձանց նույնիսկ անունները (նման տեղեկություն չի հրապարակվում նաև ադրբեջանական մամուլում և սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից), մինչդեռ Շուշի քաղաքի մոտակայքում 13.11.2021թ. տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները և ենթադրաբար դրան առնչվող անձի տվյալները ամենայն մանրամասնությամբ, ընդամենը ժամերի ընթացքում, անպատասխանատու և չափազանց վտանգավոր վարքագծի շնորհիվ հրապարակայնորեն մատուցվում է:

Ադրբեջանցի զինվորականի կողմից քաղաք Մարտակերտ ներթափանցելու դեպքով անչափահաս եղբայրների լուսանկարների ու նրանց ընտանիքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման` վերջիններիս ծնողների բազմակի քննադատություններին արժանացած դեպքերից սկսած մինչև 13.11.2021թ. տեղի ունեցած դեպքի վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու և դրան առնչվող անձին անմնացորդ «մերկացնելու», դրսևորումները խիստ անընդունելի, անցանկալի ու բարոյապես դատապարտելի արարքներ են: Դրանք անընդունելի են նաև այն պատճառով, որ Արցախի իրավապահ մարմինները նման իրավիճակներում գործում են աննախադեպ արագ, համակարգված և թույլատրելի ինֆորմատիվությամբ: Առավելագույն հետևողականությամբ է աշխատում նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Տարբեր անհատների ու լրատվամիջոցների անպատասխանատու մոտեցման պատճառով իրավապահ մարմինները հաճախ զրկվում են ադրբեջանական ագրեսիայից տուժած անձի անհատական տվյալները գաղտնի պահելու և քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներ կիրառելու՝ տուժողի խնդրանքն ապահովելու հնարավորությունից, որովհետև դեպքից ընդամենը րոպեներ անց տվյալ անձի, նրա ընտանիքի վերաբերյալ ողջ տեղեկությունը հայտնվում է համացանցում, առանց հեղինակների կողմից գիտակցելու, որ դեպքի վերաբերյալ ցանկացած չկշռադատված հայտարարություն վաղը կարող է օգտագործվել մեր շահերի ու դիրքորոշման դեմ:

Վերոգրյալը թույլ է տալիս փաստելու, որ տեղեկատվական անվտանգությունը լիարժեք ապահովելու համար այլևս անհրաժեշտություն են իրավական նոր միջոցներն ու գործիքները, ուստի պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները, հասարակական կազմակերպությունները և տեղական լրատվամիջոցները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները հանրության մեդիագրագիտության և կարգապահության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Մեկ անգամ ևս խնդրում ու հորդորում ենք՝ նմանատիպ իրավիճակներում համբերատար սպասել պետական մարմինների պաշտոնական արձագանքին ու հաղորդագրություններին, վաղաժամ հայտարարություններով, մտացածին վարկածներով ու կեղծ հրապարակումներով չխոցել Արցախի և արցախցու` առանց այն էլ փխրուն անվտանգությունը, հրաժարվել րոպեական վիրտուալ փառքի ձգտումից, գիտակցված հարգանք ցուցաբերել Արցախի Հանրապետության տարածքում բնակվող ու անվտանգային տարբեր իրավիճակներում գտնվող արցախցիների նկատմամբ` զերծ մնալով գրեթե ամենօրյա ռեժիմով նրանց հոգեբանական խառնաշփոթի ենթարկելուց»,- ասված ԱՀ դատախազության տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: